Հանքարդյունաբերությանը նվիրված համաժողովը երկխոսության նպատակ ունի. Ջոն Հեֆերն

«Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում. հնարավորություններ և մարտահրավերներ» միջազգային կոնֆերանսը երկխոսության նպատակ ունի. այս մասին մարտի 25-ին` մինչև համաժողովի մեկնարկը, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:

Նրա խոսքով` համաժողովին հրավիրված են շահագրգիռ բոլոր կողմերը, պետական պաշտոնյաները, արդյունաբերության ոլորտի մասնագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

«Ոլորտը շատ կարևոր է Հայաստանի համար, բայց նաև պետք է հասկանալ, որ կան վիճահարույց շատ խնդիրներ»,- ասաց դեսպանը:

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը ևս ընդգծեց, որ համաժողովին հրավիրված են բոլոր կողմերը: Նրա խոսքով` այս կոնֆերանսի անցկացման գաղափարը ծնվել է մեկ տարի առաջ, երբ Մեծ Բրիտանիան էր ղեկավարում Մեծ ութնյակը, և համաժողովի նպատակն է ապահովել քննարկումների թափանցիկությունը:

Համաժողովին նախատեսված էր նաև վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությունը, որ դեռ չի ժամանել:

Կոնֆերանսը մեկնարկել է ակտիվիստների բուռն մասնակցությամբ: Մի խումբ բնապահպաններ` «Անպատասխանատու հանքարդյունաբերությունը Հայաստանում» ալտեր-կոնֆերանսի մասնակիցները, մինչև համաժողովի մեկնարկը մուտք գործեցին կոնֆերանսի դահլիճ` պարզելով պաստառներ` «Հայաստանի ընդերքը հոշոտվում է այլ երկրների կողմից», Hands off Armenia և այլ գրություններով: Ակտիվիստները զուգահեռ մտադիր են դրսում անցկացնել այլընտրանքային կոնֆերանս, որը սակայն դեռ չի մեկնարկել:

Բնապահպանները պոչամբարից բերված մեկ բաժակ ջուր առաջարկեցին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին, այնուհետ ընթերցեցին իրենց հայտարարության տեքստը: Նախարարը չմեկնաբանեց ակտիվիստների առաջարկները, լրագրողներին հրավիրեց դուրս և առաջարկեց բոլոր հարցերին պատասխանել այնտեղ:

«Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում. հնարավորություններ և մարտահրավերներ» համաժողովի անցկացումը նախատեսված է մարտի 25-26-ը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում:

Համաժողովի նպատակն է հանքարդյունաբերության ժամանակակից և միջազգայինլավագույն փորձի մասին Հայաստանում այդ ոլորտի տարբեր շահագրգիռ խմբերին տեղեկատվության փոխանցումը և նրանց միջև երկխոսության դյուրացումը: Երկօրյա համաժողովին հանդես կգան միջազգային խոսնակներ և փորձագետներ:

Մեկնաբանել