Մարտի 26-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, պատասխանելով ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանի՝ Սիրիայի հայկական Քեսապ գյուղի դեպքերին և տեղահանված հայերին օգնելու ուղղությամբ իրականացվող Հայաստանի քայլերի վերաբերյալ հարցին, ասել է, որ Նյու-Յորքում և Ժնևում՝ ՄԱԿ-ի կառույցներում, այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի ներկայացուցչությունների կողմից համապատասխան քայլեր են ձեռնարկվում։
«Քեսապի իրադարձությունների վերաբերյալ Հանրապետության նախագահի հայտարարությունը մեր խորը մտահոգության վկայությունն է։ Նախագահը տվել է հանձնարարականներ, և մենք անում ենք հնարավորինը, որպեսզի անհրաժեշտ օժանդակություն, օգնություն ցուցաբերենք քեսապահայությանը։ Նյու-Յորքում և Ժնևում՝ ՄԱԿ-ի կառույցներում, այլ միջազգային կազմակերպություններում մեր ներկայացուցչությունների կողմից համապատասխան քայլեր են ձեռնարկվում։ Մեր մտահոգությունները բարձրացվել են նաև երկկողմ մակարդակով, մոտ երեսուն երկրների հետ երկկողմ շփումներում։
Մեր դեսպանությունը Դամասկոսում ունի հանձնարարականներ և համապատասխան աշխատանք է տանում։
Մինչև վերջին իրադարձությունները Քեսապի բնակչության շուրջ 70-ը տոկոսը հայեր էին։ Այսօր մոտ 700 ընտանիք ապաստանել է Լաթաքիայում: Նրանք, ովքեր չունեն ազգականներ, բարեկամներ, հարազատներ տեղավորվել են Լաթաքիայի հայկական եկեղեցում:
Այսօր հայկական եկեղեցու բակում հանդիպում է կազմակերպվել Ազգային ժողովի պատվիրակության հետ։ Դուք գիտեք, որ ԱԺ պատվիրակությունը մեկնել է Սիրիա։ Այսօր նրանք ժամանել են Լաթաքիա, և հիմա ընթանում է հանդիպումը։ Կարծեմ, մի երկու ժամից պետք է վերադառնան Դամասկոս, որտեղ վաղը պատվիրակությունը նախատեսել է այլ հանդիպումներ։ Պատգամավորներին ուղեկցում է Սիրիայում Հայաստանի դեսպանը։
Իհարկե, բավական ծանր, դժվար կացության մեջ են մեր հայրենակիցները՝ քեսապահայերը։ Եթե օժանդակության հնարավորություններ կան, նյութական օժանդակության, ապա ճիշտ կլինի կազմակերպել սփյուռքի նախարարության միջոցով, որը վերջին շրջանում մեծ աշխատանք է ծավալել այդ ուղղությամբ՝ ոչ միայն քեսապահայության, այլև սիրիահայությանը օժանդակություն ցուցաբերելու առումով։ Մեր բոլոր քայլերն ուղղված են հենց այդ նպատակին՝ օգնելու սիրիահայությանը։
Ի դեպ, կցանկանայի ընդգծել նաև, որ այս հարցում հայության բոլոր հատվածները՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում, միասնական մոտեցում ունեն և գործում են համատեղ քայլերի կարևորության խորը գիտակցությամբ։
Մեր պատգամավորները, երբ վերադառնան Հայաստան, կներկայացնեն այն ինչ լսել, տեսել են քեսաբահայերի հետ հանդիպումների ընթացքում։ Մենք շարունակելու ենք օգտագործել ոչ միայն դիվանագիտական խողովակները, նաև այլ հնարավորություններ՝ հեշտացնելու, լուծելու խնդիրները, որոնք ծառացել են քեսապահայության առջև»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը։
Մարտի 21-ի վաղ առավոտյան սիրիացի ապստամբների զինված խմբավորումները Թուրքիայի կողմից անցել էին սիրիական սահմանը և հարձակվել Քեսապի հայաբնակ շրջանի ու շրջակա գյուղերի վրա: Մարտի 22-ի երեկոյան Քեսապի գյուղերի բնակչությունն ամբողջությամբ արդեն տարհանվել էր Լաթաքիա: