Պարգևներ` թատերական գործիչներին

Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ և Երևան քաղաքի թատերարվեստի ոլորտում ունեցած ավանդի, գեղարվեստական արժեքների ստեղծման և տարածման համար քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալով պարգևատրել է բեմանկարիչ, քանդակագործ Դավիթ Մինասյանին, դերասան, ռեժիսոր Վիգեն Ստեփանյանին, սցենարիստ, ռեժիսոր Քրիստ Մանարյանին և դերասան, ռեժիսոր Լևոն Իվանյանին:

Ինչպես հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, թատերարվեստի մի շարք գործիչներ էլ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի:

«Մեր ժողովուրդը միշտ էլ սիրել ու գնահատել է թատրոնը, որը ներառում է արվեստի կարելի է ասել բոլոր ճյուղերը: Թերևս նաև դրանում է բեմարվեստի այն ձգող ուժը, որ բոլոր ժամանակներում հանդիսատեսին միշտ թատրոն է բերում: Եվ դուք՝ ձեր արվեստի ուժով, ոչ միայն գեղագիտական հաճույք եք պատճառում հանդիսատեսին, այլև կրթում ու դաստիարակում եք նրանց՝ ձեր ուրույն նպաստը բերելով ինչպես հոգևոր արժեքների պահպանման ու տարածման, այնպես էլ մեր երկրի ու մեր սիրելի մայրաքաղաքի զարգացման գործում»,- ասել է Տարոն Մարգարյանը:

Ընդունելությանը մասնակցել է նաև մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Մեկնաբանել