Al Jazeera-ի թուրքական ծառայությունը հոդված է հրապարակել, որում անդրադարձել է Ստամբուլում գտնվող բյուզանդական ժամանակաշրջանի սրբատեղիի վրա օրերս տեղի ունեցած հարձակմանը: Եկեղեցու ժամկոչը պնդում է, որ հարձակվողները Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) ցույցի մասնակիցներն էին, մինչդեռ ԺԴԿ-ն հերքում է այս տեղեկությունը: Հոդվածը թարգմանաբար և որոշ կրճատումներով ներկայացնում ենք ստորև:
Ստամբուլի Քազլըչեշմե թաղամասում գտնվող Արևելյան հռոմեական կայսրության (Բյուզանդիա) ժամանակաշրջանի Ագիա Փարասկևի [Սբ Փարասկևի – ՍիվիլՆեթ] հունական սրբատեղիի վրա մարտի 23-ին անհայտ անձանց կողմից հարձակում է տեղի ունեցել: Չարագործները գողացել են եկեղեցու՝ 60 տարվա զանգը, պատռել են սուրբ գրքերը, գողացել մոմերի տուփում պահվող 400 թուրքական լիրայի նվիրատվությունը: Ավերվել է նաև եկեղեցու բակում գտնվող ժամկոչի սենյակը:
Քազըլչեշմեի ոստիկանական բաժանմունքը, որի առջև տեղի են ունեցել վերոնշյալ իրադարձությունները, իր չմիջամտելը հիմնավորել է պատրվակով, որ ԺԴԿ-ի ցույցից ժամանած խմբի և ոստիկանության միջև նոր բախումներ կարող էին սկսվել:
Սրբատեղիի ժամկոչ Ֆ.Հ.-ն [անունը չի հրապարակվում – ՍիվիլՆեթ] պնդում է, որ հարձակվողները ԺԴԿ-ականներ են: Նրա խոսքով՝ մարտի 23-ի կեսօրին դիմակավոր անձինք մուտք են գործել սրբատեղիի բակ՝ հակառակ իր նախազգուշացումներին:
«Մոտ 150 հոգի էին և գնալով շատանում էին: Սեփական անվտանգությունից ելնելով՝ ընտանիքիս հետ լքեցի սրբատեղին»,- ասել է ժամկոչը և տեղեկացրել, որ զանգահարել է ոստիկանություն, սակայն ապարդյուն:
«Երբ մենք հարցրեցինք, թե ոստիկանությունն ինչո՞ւ չի միջամտել, բացատրեցին, որ միջամտելու դեպքում իրադրությունն ավելի էր սրվելու: Ոստիկանությունից էլ ասում են, որ հենց այդ պատճառով ստիպված են եղել «հեռվից դիտորդի դերում մնալ»,- պատմել է եկեղեցու ժամկոչը:
Այս իրադարձությունների վերաբերյալ Ստամբուլի փոխնահանգապետ ԺԴԿ-ական Շամիլ Ալթանն ասել է, որ նոր են լսել հարձակման մասին և այժմ փորձում են հանդիպել հունական համայնքի ներկայացուցիչների հետ:
«Ոմանք աշխատում են կասկածներն ուղղել մեզ վրա: Ինչպե՞ս կարող էր ԺԴԿ-ն նման հարձակում կազմակերպել, երբ կուսակցությունը Նովրուզ է նշում և քարոզում ժողովուրդների եղբայրություն: Մենք դատապարտում ենք հարձակումը, սակայն եթե պարզվի, որ հարձակումն իրականացնողները մեր շարքերից են, նրանք էլ պատասխան կտան»,- ասել է Ալթանը: