Ուկրաինան չի պատրաստվում դեմարշ իրականացնել Հայաստանի դեմ. այս մասին մարտի 27-ին Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում հրավիրված «Ճգնաժամ Ուկրաինայում. ի՞նչ ազդեցություն կարող է այն գործել միջազգային հարաբերությունների վրա» սեմինար-քննարկմանն ասաց Հայաստանում Ուկրաինայի դեսպանության խորհրդական Իգոր Ռոմանը` անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դիրքորոշմանը Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեի և դրա նկատմամբ Ուկրաինայի ԱԳՆ-ի արձագանքին:
«Մենք այստեղ պաշտոնյաների և փորձագետների հետ հանդիպումների ժամանակ ասում ենք, որ որոշ ուժեր կան, որոնք ցանկանում են գժտեցնել ուկրաինացիներին և հայերին: Մենք առաջարկում ենք մեր հարցերը լուծել երկու կողմի միջև և առանց արտաքին ազդեցության»,- ասաց Ռոմանը` հավելելով, որ ծագած խնդիրները գրեթե լուծվել են: Դեսպանության ներկայացուցիչը տեղեկացրեց, որ Ուկրաինա մեկնած ՀՀ դեսպանը հաջորդ շաբաթ կվերադառնա և կշարունակի իր աշխատանքը:
«Հասկանում եք` կան որոշակի գործընթացներ, որոնց Ուկրաինայի ԱԳՆ-ն չի կարող չարձագանքել այս պայմաններում: Ոչ միայն նախագահի հայտարարությունը, այլև տարբեր քվեարկությունները ցույց են տալիս, որ Հայաստանն արտահայտում է նույն դիրքորոշումը, ինչ Ռուսաստանի Դաշնությունը»,- ասաց դիվանագետը` հավելելով, որ լուռ քվեարկություններով էլ հայկական կողմը ցույց է տալիս, որ հավանություն է տալիս Ռուսաստանի գործողություններին Ղրիմում:
Իգոր Ռոմանի խոսքով` ուկրաինական կողմը խորհուրդ է տալիս Հայաստանին չեզոքություն պահպանել Ուկրաինայի հետ հարցերում: «Հաշվի առնելով նաև հայերի մեծ քանակությունը Ուկրաինայում` չեզոքությունը միակ ճանապարհն է»,- ասաց նա:
Դիվանագետը նաև կարևորեց մարտի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում նախատեսված քվեարկությունը` Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ:
Ռոմանը քիչ հավանական համարեց Ուկրաինայի դեսպանի հետ չվերադառնալը` ՄԱԿ-ում Հայաստանի` Ռուսաստանի դիրքորոշմանը կողմ քվեարկելու դեպքում:
«Բոլոր դեպքերում` Ուկրաինան չի պատրաստվում դիվանագիտական ներկայության մակարդակը իջեցնել Հայաստանում»,- ասաց նա:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 19-ին իր նախաձեռնությամբ հեռախոսազրույց էր ունեցել Ռուսաստանի նախագահի հետ: «Զրուցակիցներն անդրադարձել են Ղրիմում հանրաքվեի անցկացումից հետո ստեղծված իրավիճակին և արձանագրել, որ այն հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը»,- նշված էր ՀՀ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:
Այս ֆոնին Ուկրաինան խորհրդակցությունների համար մարտի 21-ին Կիև էր կանչել Հայաստանում իր դեսպանին։ Ուկրաինայի արտգործնախարարությունում հայտարարել էին, որ «Հայաստանի՝ Ղրիմի բռնակցման ճանաչումը կհանգեցնի հայ-ուկրաինական հարաբերություններում բացասական հետևանքների»։
Ղրիմում մարտի 16-ին անցկացված հանրաքվեի արդյունքում թերակղզու բնակչության ավելի քան 96 տոկոսը կողմ է արտահայտվել Ուկրաինայից անջատվելուն և Ռուսաստանին միանալուն: Մարտի 18-ին Մոսկվայում Ղրիմի և Սևաստոպոլ ղեկավարները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ստորագրեցին Ռուսաստանի Դաշնությանը միանալու մասին պայմանագրեր:
Անի Գրիգորյան