Ուկրաինայի ներքաղաքական խնդիրը իշխանության լեգիտիմությունն է. դեսպանության խորհրդական

Ուկրաինայի ներքաղաքական հիմնական խնդիրը շարունակում է մնալ իշխանության լեգիտիմությունը, որի շուրջ կկենտրոնանա պայքարը ոչ միայն ներքին, այլև արտաքին ուժերի միջև. մարտի 27-ին Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում հրավիրված «Ճգնաժա­­­մ Ուկրաինայում. ի՞նչ ազդեցություն կարող է այն գործել միջազգային հարաբերությունների վրա» սեմինար-քննարկմանն այսպիսի տեսակետ հայտնեց Հայաստանում Ուկրաինայի դեսպանության խորհրդական Իգոր Ռոմանը` կարևորելով մայիսի 25-ին Ուկրաինայում նշանակված նախագահական ընտրությունները, որը, ըստ նրա, «ցանկանում են որոշ ուժեր խափանել»:

«Եթե մենք ցանկանում ենք պահպանել այս երկիրը, ապա ընտրությունները խիստ կարևոր են»,- ասաց նա` «ֆարս» որակելով մարտի 16-ին Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեն:

«Ռուսաստանի հավակնությունները Ղրիմի նկատմամբ ձևավորվել են Մայդանի «ստեղծումից» յոթ տարի առաջ: Եվ Ուկրաինան մեծ պոլիգոն է որոշ արտաքին ուժերի համար, որոնք ցանկանում էին իրացնել իրենց նպատակներն այս կարևոր տարածաշրջանում»,- ասաց Ռոմանը:

Դեսպանության խորհրդականը անդրադարձավ նաև Մայդանի «առաջացման» պատճառներին` քաղաքակրթության և կողմնորոշվածության խնդիրները:

«Եթե նույնիսկ Ուկրաինայի քաղաքացիների 30%-ն է ցանկանում գնալ դեպի Եվրոպա, ապա դրա հետ պետք է հաշվի նստել: Սակայն Եվրոպա ցանկացողների թիվը շատ ավելին է. 2011-ին անցկացրած հարցումները ցույց են տալիս, որ Եվրոպա էր ձգտում քաղաքացիների 51%-ը, իսկ Մայդանի ժամանակ` արդեն 68%-ը»,- ասաց Ռոմանը` նշելով, որ քաղաքացիներն իրենց ընտրությունը կատարում են` դիտարլելով թե´ Եվրոպայում, թե´ Ռուսաստանում տիրող իրավիճակը:

Դիվանագետը նաև խոսեց Մայդանի «ձևավորման» մյուս պատճառների մասին:

«Սկզբում երկրի իշխանությունը հայտարարեց, թե գնում ենք Եվրոպա, և բոլորը սպասում էին դրան: Հետո տեղի ունեցավ Վիլնյուսում Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հրաժարվելը, ինչն էլ հիմք ծառայեց ուսանողական Մայդանի ստեղծման համար: Եվ Մայդանի առաջին մահով էլ իշխանությունը հասկացավ, որ շարժումն արդեն հնարավոր չէ կանգնեցնել և անհրաժեշտ է հեռանալ կամ ձգել գնալու պահը»,- ասաց նա:

Ռոմանի խոսքով` Ռուսաստանը վաղուց էր սկսել կորցնել Ուկրաինան. «Վերջին երեք տարում Եվրոպայի կողմնակիցների թիվն ամեն տարի աճել է հինգ տոկոսով»:

«Բայց պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ Ուկրաինայի արևելքը մեզ սերտ կապում է Ռուսաստանի հետ և անհրաժեշտ չէ այստեղ ատելություն սերմանել այդ պետության դեմ: Մենք դատապարտված ենք ապրել միասին և կարծում եմ, որ ապագայում ամեն ինչ կկարգավորվի»,- ասաց նա` կարևորելով բանակցությունների սեղանի շուրջ հարցի լուծումը:

Ղրիմում մարտի 16-ին անցկացված հանրաքվեի արդյունքում թերակղզու բնակչության ավելի քան 96 տոկոսը կողմ է արտահայտվել Ուկրաինայից անջատվելուն և Ռուսաստանին միանալուն: Մարտի 18-ին Մոսկվայում Ղրիմի և Սևաստոպոլ ղեկավարները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ստորագրեցին Ռուսաստանի Դաշնությանը միանալու մասին պայմանագրեր:

Անի Գրիգորյան

Մեկնաբանել