Մարտի 27-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական կոմիտեի պատվիրակությանը՝ քաղաքական կոմիտեի ղեկավար Ժոզե Լելոյի գլխավորությամբ, հաղորդում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Ողջունելով պատվիրակությանը` արտգործնախարարը դրական է գնահատել Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությունը՝ նշելով, որ դրանում իր կարևոր ներդրումն ունեն խորհրդարանական ձևաչափով շփումները։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը, Հայաստանում իրականացվող բարեփոխումներին։
Արտգործնախարարը տարբեր երկրներ ներկայացնող խորհրդարանականներին տեղեկացրել է տարածաշրջանային խնդիրների կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումների մասին։
Հյուրերի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային խնդիրների, ուկրաինական ճգնաժամի և դրա հանգուցալուծման ուղիների շուրջ։
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ուշադրությունը հրավիրել է Սիրիայի Քեսապ հայաբնակ շրջանի վրա հարձակումների հետևանքով ստեղծված ծանր հումանիտար իրավիճակի վրա և ընդգծել, որ միջազգային հանրությունը չպետք է անտարբեր մնա մարդու իրավունքների նման կոպտագույն խախտումների նկատմամբ։