Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքի մոտ անվտանգության միջոցները խստացվել են՝ կապված ազգայնական «Պրավի սեկտոր» շարժման ակտիվիստների պիկետի հետ, որոնք պահանջում են երկրի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի հրաժարականը:
Ինչպես հաղորդում են BBC-ի թղթակիցները, ռադայի շենքի մոտ 1,5 հազ.-2 հազ. մարդ է հավաքվել:
Ակտիվիստները մի քանի պատուհաններ են կոտրել և փորձել են կոտրել Ռադայի շենքի դուռը՝ սպառնալով վերցնել խորհրդարանը գրոհով: Հաղորդվում է, որ պատգամավորները և ռադայի աշխատակազմը շենքը լքել են ստորգետնյա անցումով:
Մարտի 25-ին «Պրավի սեկտորի» առաջնորդ Դմիտրի Յարոշը պահանջել էր Ավակովի հրաժարականը:
Նույն օրը «Պրավի սեկտորի» ներկայացուցիչները խոստացել էին վրեժ լուծել Ուկրաինայի ներքին գործերի նախարարից Ռովնոյում լույս մարտի 25-ին իրենց զինակցի՝ Ալեքսանդր Մուզիչկոյի (հայտնի է նաև որպես Սաշկո Բելի) մահվան համար։
Համաձայն Ուկրաինայի ներքին գործերի նախարարության՝ Մուզիչկոն մահացու վիրավորվել էր ձերբակալության ժամանակ, քանի որ կրակ էր բացել իրավապահների ուղղությամբ։
«Պրավի սեկտորի»՝ Ռովնոյի մարզի ներկայացուցիչները մարտի 25-ին հայտարարել էին, որ Մուզիչկո-Բելիի հետ կատարվածը պատվիրված սպանություն է։
«Պրավի սեկտորի» ակտիվիստները նաև կեղծ էին անվանել Մուզիչկոյի սպանության ներքին գործերի նախարարության տարբերակը։ Նրանց խոսքով՝ Մուզիչկոյի ձեռքերը կապված են եղել, և նա ֆիզիկապես չէր կարող կրակել։