Վրաց-ադրբեջանական սահմանին քաոսային իրավիճակ է՝ պայմանավորված հանգամանքով, որ ապրիլի 1-ից Ադրբեջանը անցնում է Եվրո-4 չափանիշին, ինչը նշանակում է, որ արգելվում է Ադրբեջան մինչև 2005թ. արտադրության ավտոմեքենաների ներկրումը, հաղորդում է «Նովոստի Ադրբեջան» գործակալությունը:
Ըստ գործակալության` մարտի 25-28-ը Վրաստանից Ադրբեջան է ներկրվել մինչև 2005թ. արտադրության շուրջ 100 հազ. ավտոմեքենա, և սահմանային հատվածում մեծ հերթ է գոյացել: Ներկրողները հիմնականում ավտոմեքենաների վերավաճառքով զբաղվողներ են:
Վարորդները դժգոհում են ոչ միայն երկար սպասելուց, այլև ադրբեջանցի սահմանապահների վատ աշխատանքից և ծառայությունների մատուցման վճարների արհեստական բարձրացումից:
Նրանք նշում են, որ վրացական կողմում սահմանապահների աշխատանքը առավել հեշտ և պատշաճ կերպով է կազմակերպված, կոռուպցիա չկա, և այդ պայմաններում հնարավոր է վճարել սահմանված մաքսատուրքն ու հանգիստ անցնել սահմանը: Վարորդների խոսքով՝ բոլոր խնդիրները ծագում են ադրբեջանական կողմում, որտեղ հերթից խուսափել կամ առաջ ացնելու հնարավոր է կաշառք վճարելով:
Մի շարք փորձագետների խոսքով՝ Վրաստանում գնված ավտոմեքենաների 80% բաժին է ընկնում ադրբեջանցիներին, և ապրիլի 1-ից ավտոմեքենաների վրացական շուկայում գնումների և վաճառքի զգալի անկում կարձանագրվի:
Ադրբեջանի կառավարությունը երկիր ներկրվող և այստեղ արտադրվող ավտոմեքենաների նկատմամբ Եվրո-4 չափանիշի կիրառման մասին որոշումն ընդունել է 2014թ. հունվարին՝ ավտոմեքենաների կողմից մթնոլորտ վնասակար արտանետումների ծավալը կրճատելու և էկլոգիական իրավիճակը բարելավելու նպատակով: Եվրո-4-ը չափանիշը Եվրամիությունում գործողության մեջ է դրվել 2005թ.: Եվրո-4 արտոնագիրը տրասնպորտային միջոցի էկոլոգիական անվտանգության մասին փաստաթուղթ է, որը վկայում է, որ ավտոտրանսպորտային միջոցը թողարկվել է՝ շրջակա միջավայրը վնասակար արտանետումներից պաշտպանելու մասին պահանջներին համապատասխան: