Սահմանադրական դատարանը մարտի 28-ին քննում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը: ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը հարց ուղղեց ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ ներկայացուցիչ Հակոբ Հակոբյանին, որը ներկայացնում է պատասխանող կողմը:
Դատավորը հարցրեց, թե ինչու են Ազգային ժողովում անտեսում սահմանադրական իրավունքը և չեն հարգում 2013թ. մարտին ՍԴ ընդունած որոշումը, ըստ որի` հակասահմանադրական է ճանաչվել խորհրդարանում բոյկոտ անելու իրավունքը: Դատավորի հարցը վերաբերում էր 2013թ. նոյեմբերի 15-ին ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների հրավիրած արտահերթ նիստին, որին ԱԺ ՀՀԿ և ՕԵԿ խմբակցությունները չներկայացան և տապալեցին այն:
Հակոբ Հակոբյանն ի պատասխան նշեց, որ իրենք 2010-ից քննարկել են կենսաթոշակների մասին օրենքը և «որևէ մեկը որևէ հարցով չի դիմել իրենց, ուստի իրենք ևս հարկ չեն համարել մասնակցել այդ հարցով արտահերթ նիստին»:
ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հակադարձեց այս դիտարկմանը. «Գոյություն ունի Սահմանադրության որոշում, և ոչ մի տրամաբանություն իրավունք չունի հակառակ գնալ իրավունքին: Մենք ձեզ սահմանադրական որոշումով արգելել ենք գործի չգնալ: Սահմանադրությամբ ՀՀ-ն իրավական պետություն է, հետևաբար` որևէ տրամաբանությամբ բացատրել իրավունքի դեմ կատարված անիրավական գործունեությունը առնվազն հակաօրինականություն է և չունի որևէ արդարացում»: