«Մենք երբեք թույլ չենք տա, որ տարածքային ամբողջականության սկզբունքը ոտնահարի ինքնորոշման իրավունքը»,- այս մասին ասաց արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով ՍիվիլՆեթի հարցին, թե ինչու՞ Հայաստանը մարտի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում դեմ քվեարկեց Ուկրաինայի ներկայացրած բանաձևին:
Մարտի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը ձայների մեծամասնությամբ կողմ է քվեարկել Ուկրաինայի ներկայացրած բանաձևին, որով անօրինական է ճանաչվում Ղրիմում անցկացված հանրաքվեն: Բանաձևին կողմ է քվեարկել 100 երկիր, ձեռնպահ՝ 58-ը, դեմ՝ 11-ը, որոնց թվում է նաև Հայաստանը: Դեմ քվեարկողների թվում են Բելառուսը, Բոլիվիան, Կուբան, Հյուսիսային Կորեան, Նիկարագուան, Ռուսաստանը, Սուդանը, Սիրիան, Վենեսուելան և Զիմբաբվեն: