«Բատկիվշչինան» նախագահի պաշտոնում առաջադրել է Տիմոշենկոյի թեկնածությունը

Ուկրաինական «Բատկիվշչինա» կուսակցությունը մայիսին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրել է երկրի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի թեկնածությունը, հաղորդում է BBC-ի ուկրաինական ծառայությունը:

«Ուկրաինան ամենակարճ ժամկետում պետք է դառնա Եվրամիության լիիրավ անդամ և միանա անվտանգության և պաշտպանության եվրոպական համակարգերին»,- ասել է Տիմոշենկոն կուսակցության համագումարին:

Բացի այդ՝ քաղաքական գործիչը հայտնել է, որ անհրաժեշտ է նյութական պահանջ ներկայացնել Ռուսաստանին՝ «Ղրիմի անեքսիայի հետ կապված»:

Ավելի վաղ նա հատարարել է, որ կա վեց պատճառ, որ ստիպում է իրեն ընդունել նախագահական ընտրություններին մասնակցելու որոշում։ Տիմոշենկոյի խոսքով՝ ինքը հասկանում է, թե ինչ է պետք անել՝ տնտեսությունը վերականգնելու համար։ Տիմոշենկոն նաև կարծում է, որ մեկն է քիչ թվով քաղաքական գործիչներից, որոնք իսկապես կարող են վերջ դնել երկրում օլիգարխների իշխանությանը, վերականգնել երկրում օրինականությունը, վերջ դնել կոռուպցիային։

Յուլյա Տիմոշենկոն Խարկովի բանտից ազատ է արձակվել փետրվարի 22-ին: Նույն օրը Ուկրաինայի Գերագույն ռադան բանաձև էր ընդունել, որի համաձայն՝ Տիմոշենկոն կարող էր ազատ արձակվել առանց նախագահի ստորագրության: Բանտից ազատվելուց հետո նա բուժման նպատակով մեկնել էր Բեռլին, սակայն օրերս վերադարձել է Ուկրաինա:

Ուկրաինայի Գերագույն ռադան փետրվարի 22-ին որոշում ընդունեց մայիսի 25-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին՝ Յանուկովիչին պաշտոնանկ անելով սահմանադրական պարտականությունների կատարումից։ Ինքը՝ Յանուկովիչը, հայտարարում է, որ շարունակում է մնալ օրենքով ընտրված նախագահ։

Գերագույն ռադայի փետրվարի 23-ի որոշմամբ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը, որը համարվում է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի «աջ ձեռքը»։

Յուլյա Տիմոշենկոն 2011թ. հոկտեմբերին դատապարտվել էր յոթ տարվա ազատազրկման՝ պաշտոնական լիազորությունների չարաշահման և Ռուսաստանի հետ 2009թ. երկրի շահերից չբխող գազային համաձայնագրեր ստորագրելու մեղադրանքով: 2011թ. վերջից Տիմոշենկոն պատիժը կրում էր Խարկովի բանտային հիվանդանոցում:

Մեկնաբանել