Օմբուդսմենը Քեսապի հարցով դիմել է միջազգային իրավապաշտպաններին

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը Քեսապի դեպքերի կապակցությամբ մարտի 31-ին հրատապ ուղերձ է հղել ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին, Միջազգային օմբուդսմենների ինստիտուտին, Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, Human Rights Watch-ին, Freedom House-ին:

«Հարգելի գործընկերներ, Սիրիայի հայաբնակ քաղաք Քեսապում և նրա շրջակա գյուղերում սարսափազդու իրադարձություններ են տեղի ունեցել մարտի 22-25-ը: Խաղաղ բնակչությունը դարձել է եռօրյա դաժան հարձակումների թիրախ, որն իրականացվել է, ենթադրաբար, «Ալ Կաիդային» փոխկապակցված խմբերի կողմից: Ներկայիս տվյալներով` եղել են 80 քաղաքացիական զոհեր, բացի այդ, 670 հայ ընտանիքներ և Քեսապի բնակչության մեծ մասը տարհանվել են հարևան Բասիթ և Լաթաքիա:

Ցավալի է, սակայն, Քեսապի դեպքերի համանման եղելություն կատարվել է 1909 և 1915 թվականներին, երբ թուրքական զորքերը ստիպել էին հայերին հեռանալ Քեսապից: Քեսապի հայերի այսօրվա սպանությունները և տեղահանումն արդեն երրորդն է նրանց պատմության մեջ: Այս դեպքերի հիմքում առկա է ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբերի ամբողջական կամ մասնակի ոչնչացման դիտավորությունը: Այս գործողությունները պետք է ընդունվեն որպես լրջագույն մարտահրավեր և վտանգ միջազգային հանրությանը, ինչպես նաև բոլոր քաղաքակիրթ ազգերի կողմից ճանաչված մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներին:

Քեսապի դեպքերը պարունակում են 1948թ. Ցեղասպանության կոնվենցիայով և Հռոմի կանոնադրությամբ նախատեսված ցեղասպանության հանցագործության տարրեր և, հաշվի առնելով, որ ցեղասպանության կանխարգելումը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից ճանաչվել է որպես erga omnes դրույթ, այժմ ավելի քան երբևէ մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը և միջազգային կազմակերպություններին ձեռնարկել մանրակրկիտ հետաքննություն պարզելու թե արդյոք հարևան երկրները կամ այլ պետությունները (մասնավորապես՝ Թուրքիան) որքանով են վերահսկել իրադրությունը Քեսապում, ինչպիսի պատասխանատվություն են կրում այնտեղ մարդու իրավունքների կոպտագույն խախտումների համար»,- ասված է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի` միջազգային ատյաններին ուղղված ուղերձում:

Մարտի 21-ի վաղ առավոտյան սիրիացի ապստամբների զինված խմբավորումները Թուրքիայի կողմից անցել էին սիրիական սահմանը և հարձակվել Քեսապի հայաբնակ շրջանի ու շրջակա գյուղերի վրա: Մարտի 22-ի երեկոյան Քեսապի գյուղերի բնակչությունն ամբողջությամբ արդեն տարհանվել էր Լաթաքիա:

Մեկնաբանել