Էրդողանի կուսակցությունը հաղթել է

Թուրքիայի կառավարող՝ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ, AKP)՝ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, հաղթահարելով վերջին ամիսների կոռուպցիոն սկանդալներն ու մեղադրանքները, ըստ տվյալների՝ հաղթել է մարտի 30-ին Թուրքիայում անցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում:

Թուրքիայի տեղական ժամանակով ժամը 10:00-ի դրությամբ՝ հաշվվել էր քվեաթերթիկների 97,69 տոկոսը: Վերջին տվյալներով առաջին տեղում է AKP-ն՝ մոտ 45,56 տոկոս ձայներով: Երկրորդ տեղում է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր՝ Ժողովրդահանրապետական կուսակցությունը (ԺՀԿ, CHP)՝ մոտ 27,91 տոկոս ձայներով, երրորդ տեղում՝ պահպանողական «Ազգայնական շարժում» կուսակցությունն է (ԱՇԿ, MHP)՝ 15,16 տոկոս ձայներով, չորրորդ տեղում՝ քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունը (ԽԺԿ, BDP)՝ 4,01 տոկոս ձայներով:

Մարտի 30-ին Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցել է 52,709,628 մլն մարդ: Թուրքիայի երեք խոշորագույն քաղաքներում՝ Անկարայում, Ստամբուլում և Իզմիրում, ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

Ստամբուլ – AKP 47,86%

Անկարա – AKP 44,68%

Իզմիր – CHP 50,18%

Վերջին ընտրություններով, որոնք ունեին հանրաքվեի բնույթ և որոնց միջոցով Էրդողանի կուսակցությունն է՛լ ավելի ուժեղացավ, ոչ միայն որոշվելու են Թուրքիայի ներքին քաղաքականությանն առնչվող հարցերը՝ երկրում ժողովրդավարության և արդարության ձևավորման տեմպերը, այլև Թուրքիայի՝ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները՝ անդամակցությունը Եվրոպական Միությանը և հարաբերությունները Արևմուտքի ու հարևան երկրների հետ, այդ թվում՝ Սիրիայի հետ նախապատերազմական իրավիճակի հետագա զարգացումը:

Մեկնաբանել