Գաբալայի ականազերծումը կավարտվի 2014-ի վերջին

Ադրբեջանի Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի տարածքի ականազերծման աշխատանքները կավարտվեն մինչ 2014-ի վերջը:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ականազերծման ազգային գործակալության ղեկավար Սամիռ Փոլադովը, հաղորդում է APA գործակալությունը:

Նրա խոսքով՝ փետրվարի սկզբից կայանի տարածքում սկսված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են ականներ և ձեռքի նռնակներ:

Այս տարվա ընթացքում նախատեսվում է ստուգել կայանի 230 հազ. քմ տարածք:

Ադրբեջանի անկախացումից հետո կայանը վարձակալման է հանձնվել Ռուսաստանին:

Կայանի շահագործման սկզբունքների և պայմանների մասին պայմանագիրը Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրվել է 2002թ.:

Սկսած 2012թ. դեկտեմբերի 10-ից Ռուսաստանը դադարեցրել է կայանի շահագործումը: 2013թ. ամռանը իրականացվել է կայանի ընդունման-հանձնման գործընթացը: Գաբալայի կայանը կառուցվել է 1984թ. որպես նախկին Խորհրդային միության հակահրթիռային համակարգի մի մաս՝ հնարավորություն տալով հետևել բալիստիկ հրթիռներին՝ 6 հազ. կմ շրջագծով, այդ թվում՝ ընդհուպ Հնդկական օվկիանոսի տարածքի: 2002թ. պայմանագրի համաձայն՝ Ռուսաստանն Ադրբեջանին վճարել է 7 մլն դոլար:

Մեկնաբանել