Ռուսաստանի Պետդուման մարտի 31-ին միաձայն կողմ է քվեարկել Սևծովյան նավատորմի վերաբերյալ ռուս-ուկրաինական համաձայնագրերի չեղյալ հայտարարմանը՝ աջակցելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օրինագծին։ Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։
Պետդումայում ներկայացնելով օրինագիծը՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը պարզաբանել է, որ այդ համաձայնագրերի գործողության շարունակման համար հիմքեր չկան։
Օրենքով կասեցվում է 1997թ․ մարտի 28-ին կնքված Սևծովյան նավատորմի բաժանման չափորոշիչների մասին, Ուկրաինայի տարածքում Սևծովյան նավատորմի կարգավիճակի և գտնվելու պայմանների մասին, Սևծովյան նավատորմի բաժանման և Ուկրաինայում գտնվելու հետ կապված փոխհաշվարկների մասին համաձայնագրերի, ինչպես նաև Ուկրաինայի տարածքում Սևծովյան նավատորմի գտնվելու վերաբերյալ Խարկովում 2010թ․ ապրիլի 21-ին ստորագրված համաձայնագրի գործողությունը․ համաձայն այս փաստաթղթի՝ Ուկրաինայում ՌԴ Սևծովյան նավատորմի ներկայությունը 2017թ․ հետո երկարացվել էր 25 տարով, փոխարենը Կիևը ստացել էր գազի գնի $100/1000 խմ-ի զեղչ, որը տրամադրվում էր Ռուսաստանի բյուջեի հաշվին։
Մարտի 16-ին Ղրիմում տեղի ունեցավ հանրաքվե թերակղզու կարգավիճակի հարցով։ Մասնակցածների ավելի քան 96 տոկոսը (ավելի քան 1.23 միլիոն մարդ) կողմ էր արտահայտվել Ռուսաստանին միանալուն: Հանրաքվեին մասնակցել էր ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ավելի քան 83 տոկոսը։
Կիևը և արևմտյան երկրները չեն ճանաչում հանրաքվեի օրինականությունը։
Մարտի 18-ին Վլադիմիր Պուտինը, Ղրիմի վարչապետ Սերգեյ Աքսյոնովը, Ղրիմի խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը և Սևաստոպոլի քաղաքային խորհրդի նախագահ Ալեքսեյ Չալին ստորագրեցին Ղրիմի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնությունում ընդունելու և Ռուսաստանի Դաշնության կազմում նոր սուբյեկտների ձևավորման մասին պայմանագիրը։
Այս քայլն առաջացրեց արևմտյան պետությունների միաձայն քննադատությունը։
Մարտի 20-ին Ուկրաինայի Գերագույն ռադան ընդունեց հռչակագիր «Ուկրաինայի ազատագրման համար պայքարի» մասին, որում ասված է, որ Կիևը միշտ Ղրիմը կհամարի Ուկրաինայի մաս։