ԵԽԽՎ-ն Ռուսաստանին զրկեց ձայնի իրավունքից

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ), պայմանավորված Ղրիմի՝ Ռուսաստանին միացմամբ, Ռուսաստանին զրկեց ձայնի իրավունքից, ինչպես նաև ԵԽԽՎ-ի ղեկավար մարմինների աշխատանքին մասնակցելու ու դիտորդական առաքելություններին մասնակցելու իրավունքից՝ մինչև տարվա վերջ։

«Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի Դաշնության գործողությունների դատապարտումն ու դրանց իր հավանություն չտալն արտահայտելու համար Վեհաժողովը ընդունում է որոշում՝ կասեցնելու մինչև 2014թ․ վերջ Ռուսաստանի Դաշնության պատվիրակության հետևյալ իրավունքները՝ քվեարկության իրավունք, Վեհաժողովի բյուրոյում, նախագահական կոմիտեում և մշտական կոմիտեում ներկայացված լինելու իրավունք, ընտրություններին դիտորդական առաքելություններին մասնակցելու իրավունք»,- ասված է ԵԽԽՎ կայքում տեղադրված հայտարարությունում։

Ի նշան բողոքի՝ Ռուսաստանի պատվիրակությունը որոշել է վաղաժամ լքել Վեհաժողովի ապրիլյան նստաշրջանը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Մենք չենք մասնակցի նստաշրջանի հետագա աշխատանքներին։ Այժմ մենք լքում ենք այս նստաշրջանը՝ ի նշան բողոքի և մեզ վերապահում ենք Եվորպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ռուսաստանի հետագա մասնակցության հարցի դիտարկման իրավունք»,- հայտարարել է ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Պուշկովը։

Ավելի վաղ՝ ապրիլի 9-ին, ԵԽԽՎ-ն ընդունել էր բանաձև՝ Ռուսաստանի կողմից Ղրիրմի բռնակցման քննադատությամբ։

Ամփոփոիչ փաստաթղթում ասված է, որ ԵԽԽՎ-ն «վճռականորեն քննադատում է Ռուսաստանի ռազմական ագրեսիան և Ղրիմի հետագա բռնակցումը, ինչը միջազգային իրավունքի նորմերի ակնհայտ խախտում է, այդ թվում՝ ՄԱԿ-ի Կանոնադրության դրույթների, ԵԱՀԿ Հելսինկյան ակտի և Եվրոպայի խորհրդի հիմնական սկզբունքների»։

ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության լիազորությունների հարցը մեկ անգամ չէ, որ քննարկվում է ՌԴ-ի՝ 1996թ․ Եվրոպայի խորհուրդ մտնելուց ի վեր։ Սակայն ձայնի իրավունքից Մոսկվան զրկվել էր մեկ անգամ՝ 2000թ․ ապրիլին՝ կապված Չեչնիայում ռուսական զորքերի գործողությունների հետ, նշում է BBC-ն։

Մարտի 16-ին Ղրիմում տեղի ունեցավ հանրաքվե թերակղզու կարգավիճակի հարցով։ Մասնակցածների ավելի քան 96 տոկոսը (ավելի քան 1.23 միլիոն մարդ) կողմ արտահայտվեց Ռուսաստանին միանալուն: Հանրաքվեին մասնակցել էր ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ավելի քան 83 տոկոսը։

Մարտի 18-ին Վլադիմիր Պուտինը, Ղրիմի վարչապետ Սերգեյ Աքսյոնովը, Ղրիմի խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը և Սևաստոպոլի քաղաքային խորհրդի նախագահ Ալեքսեյ Չալին ստորագրեցին Ղրիմի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնությունում ընդունելու և Ռուսաստանի Դաշնության կազմում նոր սուբյեկտների ձևավորման մասին պայմանագիրը։

Այս քայլն առաջացրեց արևմտյան պետությունների միաձայն քննադատությունը․ նարնք Ղրիմի միացումը Ռուսաստանին բռնակցում են համարում։

Մարտի 20-ին Ուկրաինայի Գերագույն ռադան ընդունեց հռչակագիր «Ուկրաինայի ազատագրման համար պայքարի» մասին, որում ասված է, որ Կիևը միշտ Ղրիմը կհամարի Ուկրաինայի մաս։

Մեկնաբանել