Իրավիճակը կարող է հանգեցնել արտահերթ ընտրությունների

Հայաստանում ներքաղաքական անկայուն իրավիճակ է ստեղծվել, որտեղ Սերժ Սարգսյանը կորցրել է ամբողջական վերահսկողությունը։ Վերջինս ամեն ինչ անում է կայունություն մտցնելու և խաղի նախկին կանոնները վերականգնելու համար, սակայն նրա որոշումները ավելի շատ անկայունություն են ստեղծում։

Անկայունթյան աստիճանը հասկանալու համար հարկ է վերհիշել ապրիլի 1-ից հետո արված քաղաքական կանխատեսումները։ Շատերը, նաև՝ ես, համոզված էին, որ ապրիլի 10-ին կլսեն նոր վարչապետի անունը, սակայն իրադարձությունների արագ փոփոխությունը Սերժ Սարգսյանին ստիպեց հետաձգել այդ որոշումը:

Երկրում ստեղծվել է քաղաքական անկայուն իրավիճակ. ավելացել է քաղաքական իրադարձությունների վրա ազդող սուբյեկտների թիվը, որոնց վարքագծից էլ կախված է ապագան: Ստեղծված իրավիճակում Սերժ Սարգսյանը փորձում է վերադառնալ իրերի նախկին վիճակին և նորից իր ձեռքը վերցնել վերահսկողությունը։ Մյուս կողմից՝ ոչ իշխանական ուժերը փորձում են նպաստել ներիշխանական անկայունության շարունակականությանը, որպեսզի մեծացնեն խաղի նոր կանոնները թելադրելու իրենց հնարավորությունները:

Քաղաքական այս իրավիճակում Սերժ Սարգսյանը քաջ գիտակցում է, որ իր վարչակարգը վտանգված է, և որքան արագ նա կարողանա հրապարակել նոր վարչապետի անունը, այնքան մեծ կլինի իրավիճակը կայունացնելու նրա հնարավորությունները: Ուստի, եթե Սարգսյանն ունենար վարչապետի վստահելի թեկնածու, ընդ որում վստահելի ոչ թե երկրի, այլ սեփական կլանի համար, ապա նրա անունը կհրապարակվեր դեռ ապրիլի 4-ին:

Չունենալով վարչապետի թեկնածու՝ Սարգսյանը ստիպված եղավ շրջանառության մեջ դնել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը, որի նպատակը կորցրած կայունության վերականգնումն էր: Արդյունքում ստացվեց հակառակը:

Նույնիսկ Սերժ Սարգսյանը մինչև ՀՀԿ գերագույն մարմնի նիստը համոզված չէր, թե հստակ ում է առաջադրելու վարչապետի պաշտոնում, քանի որ տեղի էին ունենում իրավիճակային արագընթաց փոփոխություններ: Հատկանշական է, որ ապրիլի 10-ին Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո ԲՀԿ-ն դիրքորոշում հայտնեց առ այն, որ կուսակցությունը ներկա պահին սկզբունքորեն դեմ է սահմանադրական փոփոխությունների փաթեթին, այնուհետև նույն օրը երեկոյան ՀՀԿ գերագույն մարմնի նիստին զուգընթաց տեղի ունեցավ Լևոն Տեր-Պետրոսյանի, Գագիկ Ծառուկյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը, որը էլ ավելի սրեց ներքաղաքական լարված իրավիճակը ու ստիպեց Սերժ Սարգսյանին հետաձգել նոր վարչապետի թեկնածուի առաջադրումը:

Սերժ Սարգսյանի սխալ քաղաքական հաշվարկներն անկայուն իրավիճակ են ստեղծել: Դա է պատճառը, որ վերջին մի քանի օրվա ընթացքում ներքաղաքական զարգացումներն անսպասելի ընթացք են ստանում: Եթե ոչ իշխանական ուժերը կարողանան խաղի նոր կանոններ հաստատելու գործընթացի նախաձեռնությունը վերցնել իրենց ձեռքը, ապա Սերժ Սարգսյանը ոչ միայն կհրաժարվի սահմանադրական բարեփոխումներից, այլև կնախապատրաստվի արտահերթ խորհրդարանական և գուցե նաև նախագահական ընտրություններին:

Մեկնաբանել