«Ոսկե ծիրանի» հիմնադիր տնօրեն, ռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմաշարի առաջին ֆիլմի՝ «Հայկ.փախուստ»-ի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Շվեյցարիայի Նյոն քաղաքի Vision du Reel կինոփառատոնում` ապրիլի 30-ին:
Ինչպես հաղորդում են «Ոսկե ծիրանի» մամուլի ծառայությունից, ֆիլմն ընդգրկված է փառատոնի միջազգային մրցութային անվանկարգում:
Vision du Reel-ը վավերագրական կինոյի համաշխարհային ճանաչում ունեցող հեղինակավոր փառատոներից մեկն է, որը հիմնադրվել է 1969թ.: Փառատոնի կազմակերպիչների ուշադրության կենտրոնում հենց հեղինակային վավերագրական կինոն է, որը հեռուստատեսային մշակույթի գերիշխման դարաշրջանում օրեցօր հետին պլան է մղվում:
Հարություն Խաչատրյանի «Կոնդ» ֆիլմը 1988թ. նույն փառատոնում արժանացել է ժյուրիի հատուկ հիշատակմանը, իսկ «Սպիտակ քաղաք» ֆիլմը 1989թ. արժանացել է «Արծաթե սեստերցի» հեղինակավոր մրցանակին:
Հանդիսանալով հեղինակային վավերագրական կինոյի առաջատար տարածողներից մեկն աշխարհում` Vision du Reel-ը նաև իր ծրագիրն է ներկայացնում Կաննի միջազգային կինոփառատոնում. վերջինս յուրաքանչյուր տարի հատուկ ծրագրով ներկայացնում է աշխարհի լավագույն վավերագրական ֆիլմերի փառատոների առաջարկած ծրագիրը: Vision du Reel-ի առաջարկով Կաննի 67-րդ ՄԿՓ-ի ցուցադրությունների ծրագրում ընդգրկվել է նաև Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմը: Կաննի ՄԿՓ-ը 2014-ին տեղի կունենա մայիսի 14-25-ը:
Civilnet











