Ղրիմի միացումը Ռուսաստանին, ինչպես նաև Ուկրաինայի արևելքում շարունակվող անջատողական շարժումները, որոնք ակնհայտորեն խրախուսվում են և հովանավորվում Մոսկվայից, մտահոգություններ են առաջացրել Հայաստանի հյուսիսային հարևան Վրաստանում: Վրացական մամուլում տարածվեցին լուրեր, թե իբր Ռուսաստանը Ջավախքի հայերին բաժանում է անձնագրեր: Ակնարկը պարզ էր՝ եթե պետք լինի, ռուսները Վրաստանին կհարվածեն Ջավախքով: Անձնագրեր բաժանելու լուրերը հերքվեցին ինչպես վրացական մամուլի, այնպես էլ Թբիլիսիի իշխանությունների կողմից:
Հայ առաքելական եկեղեցու Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հայր Բաբգէն Սալբիյանը կարծում է, որ Ղրիմի իրադարձությունների խորապատկերին փորձ էր արվում ստուգել, թե ինչ տրամադրություններ կան Ջավախքում:
«Նույնիսկ չկարողացան մեկ հատ ռուսական անձնագիր ցույց տալ, որն այստեղ բաժանվել էր: Դրա մասին մենք խոսեցինք նաև Թբիլիսիում, ասացինք, որ Ջավախքում որևէ անջատողական չկա, անջատողականները ապրում են Թբիլիսիում: Եվ եթե դուք մտածում եք, որ Ջավախքում կան անջատողական տրամադրություններ, սխալվում եք: 2008թ. ռուս-վրացական պատերազմը սա կրկին ապացուցեց: Հայերը կարող էին այդ ժամանակ ինչ-որ բանից օգտվել, բայց Ջավախքում եղավ խաղաղություն, հանգիստ էր: Մարդիկ գիտակցում էին և գիտակցության բարձր աստիճան կար նրանց մոտ»,- ասում է Հայր Բաբգէնը:
1828-1829 թթ. ռուս-թուրքական հերթական պատերազմի արդյունքում հայաբնակ Ջավախքը Օսմանյան կայսրությունից անցավ Ռոմանովների Ռուսաստանին: 1920-ական թթ. Ջավախքը մաս կազմեց Խորհրդային Վրաստանին: 1990-ականների սկզբին Վրաստանը անկախացավ` իր կազմում ունենալով Ջավախքը:
Մելս Թորոսյանը «Նոր Ակունք» թերթի խմբագիրն է: Նա ասում է, որ անգամ այն տարիներին, երբ Ախալքալաքում գործում էր ռուսական ռազմակայանը, այդ ռազմակայանի և ջավախահայության ու տեղի հասարակական-քաղաքական կազմակերպությունների միջև ակտիվ կապ չի եղել:
2007թ. Ախալքալաքից դուրս բերվեց ռուսական ռազմակայանը: Ռուսական «հետքը և սպառնալիքը», սակայն, չի հեռանում վրացիների մտածողությունից:
«Մենք իրենց ասում ենք` միտք ունենայինք անջատվել, կանջատվեինք 90-ական թթ. միտք ունենայինք` կանջատվեինք 2008թ., երբ ռուսները հարձակվեցին: Մենք միտք չունենք անջատվելու: Իսկ եթե այսպես շարունակվի, մեղքը ընկնում է ոչ թե Ջավախքի հայության, այլև Վրաստանի կենտրոնական իշխանությունների վրա, որոնք վարում են հակահայ քաղաքականություն»,- ասում է Թորոսյանը:
Անցնող 25 տարիներին ջավախահայությունը չի ինտեգրվել Վրաստանին, սակայն միևնույն ժամանակ չի դրել Հայաստանին միանալու կամ Վրաստանից անջատվելու պահանջ, ինչը արեցին Աբխազիան և Հարավային Օսիան: Աբխազական և հարավ-օսական պատերազմների ընթացքում ջավախահայությունը մի կողմ կանգնեց, իսկ 2008թ. օգոստոսյան հնգօրյա պատերազմի ընթացքում չարեց քայլեր, որոնք կընկալվեին հարված թիկունքից:
Մելս Թորոսյանը բացատրում է, թե ինչու Ջավախքը չի ուզում անջատվել Վրաստանից. «Մենք ազատության դրոշ չենք բարձրացրել, քանի որ չենք ուզում Հայաստանի ճանապարհը Վրաստանով փակել: Սա էլ ենք ասում իրենց: Մենք չենք ուզում մեր եղբայրներին` հայերին, Հայաստանը, շրջափակման օղակում տեսնել»:
Արտակ Գաբրիելյանը Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգողն է: Նա ասում է, որ ջավախահայությունը բազմիցս ապացուցել է իր հավատարմությունը Վրաստանի պետության հանդեպ: «Նախ ասեմ, որ մեզ համար զարմանալի չէ, քանի որ հետխորհրդային շրջանում բազմիցս նման դեպքեր եղել են, երբ չեղած տեղը ջավախցիներին մեղադրել են անջատողականության մեջ: Հիմնականում դա արվում է քաղաքական որոշ ուժերի կողմից: Եվ զարմանում եմ, թե ինչու Ջավախքը շրջանառվում է, իսկ Աջարիան` ոչ, կամ՝ Քվեմո Քարթլին, որն ադրբեջանցիներով է բնակեցված»,- ասում է Գաբրիելյանը:
Դավիթ Ռստակյանը Ախալքալաքում գործող, սակայն գրանցում չունեցող «Վիրք» կուսակցության համահիմնադիրն է: Նա ասում է, որ Ղրիմի և Ջավախքի միջև կապ չի կարող լինել: «Ցավոք, վրացական քաղաքական վերնախավը, ապաշնորհ լինելով սատար կանգնելու ջավախահայության իրավունքներին, միշտ փորձում է մեր հետ կապված ցանկացած իրավիճակ բացատրել ռուսների հարձակումով ու ռուսներով ընդհանրապես: Պետք է հստակ հասկանալ, որ Ջավախքը հստակ ունի ինքնությունը պահելու խնդիրներ, իսկ քանի որ դրանք չեն համապատասխանում վրաց իշխանության վարած տրամաբանությանը, նրանք իրենց վարած քաղաքականությունը բացատրում են Ռուսաստանով, Գերմանիայով, ԱՄՆ-ով»,- նշում է Ռստակյանը:
Ռստակյանը այն ջավախահայերից է, որը Ջավախքի իրավունքների համար խոսում և պայքարում է ոչ թե Երևանից կամ Մոսկվայից, այլ Ախալքալաքից: Նրա խոսքերը կարող են հնչել որպես հակավրացական, սակայն, էությամբ, նա հակավրացի չէ: Նա, ինչպես և ջավախահայությունը, ուզում են Ջավախքում ապրել որպես լիարժեք հայ՝ առանց խտրականության, առանց ձուլման վտանգի:
Հայաստանում երկքաղաքացիության օրենքի ընդունումից հետո Ջավախքի հայությունը ամենից շատն է օգտվում այդ հնարավորությունից: Պատճառներից հիմնականն այն է, որ ջավախահայերը հենց Հայաստանի անձնագրերով են մեկնում Ռուսաստան, որպեսզի աշխատանք գտնեն և կերակրեն իրենց ընտանիքներին: Թեև Ռուսաստան-Վրաստան հարաբերություններում նկատվում է լարվածության թուլացում, սակայն Վրաստանի քաղաքացիների, այդ թվում ջավախահայության համար, դեռևս դժվար է ստանալ ռուսական այցագիր: