ԱՄՀ-ն հաստատել է Ուկրաինային $17 մլրդ-ի վարկի տրամադրումը

Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատել է Ուկրաինային 2 տարվա մարման ժամկետով 17 միլիարդ դոլարի վարկ տրամադրումը՝ երկրի տնտեսության վերականգնման համար, ասված է կազմակերպության հաղորդագրությունում:

Վարկի տրամադրման պայման է հանդիսանում տնտեսական կոշտ բարեփոխումների անցկացումը, այդ թվում՝ հարկերի, գազի և էլեկտրաէներգիայի գների բարձրացում:

Գումարը կտրամադրվի երկու տարվա ընթացքում: Առաջին փոխանցումը՝ 3,2 մլրդ դոլարի չափով, Ուկրաինան կստանա անմիջապես: Այս գումարից 2 մլրդ-ը ուղղվելու է բյուջետային դեֆիցիտի չեզոքացմանը:

ԱՄՀ հայտարարության համաձայն՝ երկրորդ և երրորդ տրանշների ժամկետները հայտնի են դառնալու առաջին վարկի արդյունավետության դիտարկումից հետո:

Վարկը ճանապարհ կբացի նաև մյուս դոնորների համար, որոնց թվում են Համաշխարհային բանկը, Եվրամիությունը, կանադան և Ճապոնիան: Նրանք խոստացել են Ուկրաինան 15 մլրդ դոլար հավելյալ ֆինանսական օգնություն տրամադրել ։