Հայաստանում մամուլի ազատությունը նահանջել է

«Ֆրիդոմ Հաուս» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մայիսի 1-ին հրապարակել է իր ամենամյա «Մամուլի ազատության» զեկույցը: Զեկույցն արձանագրվում է, որ 2014թ. մամուլի ազատությունն աշխարհում իջել է վերջին տասնամյակում ամենացածր կետին: Այդ անկումը պայմանավորված է մերձավորարևելյան մի քանի երկրներում՝ Եգիպտոսում, Լիբիայում, Հորդանանում, ինչպես նաև Թուրքիայում, Ուկրաինայում արևելյան Աֆրիկայի մի շարք երկրներում տեղեկատվության ազատության հետընթացով:

Զեկույցը նշում է, որ հետընթաց է եղել նաև հարաբերականորեն ազատ տեղեկատվական միջավայր ունեցող Միացյալ Նահանգներում:

«Մամուլի ազատություն-2014» զեկույցում նշվում է, որ չնայած մի շարք երկրներում դրական փոփոխություններին, հատկապես՝ անդրսահարյան Աֆրիկայի երկրներում, մնացյալ երկրներում հետընթացը եղել է տիրապետող միտում: Աշխարհի միայն 14 տոկոս բնակչությունն ունի տեղեկատվության ազատություն, 44 տոկոսը ոչ ազատ է, 42 տոկոսը՝ մասամբ ազատ:

«2013թ. մենք ավելի շատ երկրներ տեսանք, որոնք իրենց թիրախն են դարձրել միջազգային լրատվամիջոցներն ու լրագրողներին: Ռուսաստանի և Չինաստանի իշխանությունները հրաժարվեցին միջազգային հայտնի լրագրողներին տրամադրել կամ երկարաձգել մուտքի արտոնագրերը, իսկ Եգիպտոսի կառավարությունն ավելի հեռուն գնաց՝ «Ալ Ջազիրա»-ի մի շարք լրագրողների ձերբակալելով և մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու մեջ»,- ասել է զեկույցի նախագծի հեղինակ Քերին Քարլեքարը:

Զեկույցում դիտարկված 197 երկրներից, որոնք գնահատվել են 2013թ. ընթացքում, ընդհանուր առմամբ 63 երկիր (32 տոկոսը) գնահատվել է ազատ, 68 երկիր (35 տոկոս)՝ մասամբ ազատ, և 66 երկիր (33 տոկոս)՝ անազատ:

Ամենաազատ երկրների տասնակը հետևյալն է՝ Նիդեռլանդներ, Նորվեգիա, Շվեդիա, Բելգիա, Ֆինլանդիա, Դանիա Իսլանդիա, Լյուքսեմբուրգ, Շվեյցարիա, Անդորրա:

Ցուցակի ամենավերջում Հյուսիսային Կորեան է, որին հաջորդում են Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Էրիտրեան, Բելառուսը, Հասարակածային Գվինեան, Կուբան, Սիրիան, Բահրեյնը և Ղազախստանը: Ռուսաստանը 176-րդ հորիզոնականում է և նույնպես ոչ ազատ երկրների թվում է:

Հայաստան և հարևաններ

Հայաստանի չորս հարևաններից երեքը ոչ ազատ են՝ Իրանը 190-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 183-րդ, Թուրքիան 134-րդ, և միայն Վրաստանն է, որը համարվել է մասամբ ազատ՝ զբաղեցնելով 47-րդ հորիզոնականը:

Նախորդ տարվա համեմատ Հայաստանը դիրքը չի փոխել՝ 134-րդ (Թուրքիայի հետ միասին) հորիզոնականում է՝ որպես ոչ ազատ երկիր, սակայն մեկ միավորով նահանջել է և ունի 62 միավոր:

Երկրների մասով առանձին զեկույցները դեռևս չեն հրապարակվել:

2013թ. կազմակերպության մամուլի ազատության ինդեքսում Հայաստանում լրատվամիջոցները նույնպես դասակարգվել էին ոչ ազատ: Նշվել էր, որ մեդիաշուկան ֆինանսապես ինքնաբավ չէ, լրատվամիջոցների մեծ մասը կախված է դրանց սեփականատերերից, որոնք ունեն իրենց քաղաքական կամ տնտեսական անձնական օրակարգերը։