Ուկրաինական բանակը Սլավյանսկում հատուկ գործողություն է իրականացնում

Ուկրաինական բանակը լայնածավալ գործողություններ է իրականացնում Սլավյանսկում, հաղորդում է ուկրաիանական «Ունիան» գործակալությունը: Հնչել է տագնապի ահազանգ, որը բնակիչներին զգուշացնում է հատուկ գործողության սկսվելու մասին:

Ռուսական լրատվամիջոցները, վկայակոչելով քաղաքի «ինքնապաշտպանական ուժերին», հաղորդում են, կրակ է բացվել ինչպես ցամաքային ստորաբաժանումների, այնպես էլ ավիացիայի աջակցությամբ, քաղաքում լսվում են պայթյուններ և կրակոցներ:

Հաղորդվում է, որ Սլավյանսկի անջատողականները ուկրաինական երկու ուղղաթիռ են խփել, որոնք հարկադիր վայրէջք են կատարել: Սլավյանսկի ինքնահռչակ «ժողովրդական քաղաքապետ» Վյաչեսլավ Պոնոմարյովը «Ինտերֆաքս»-ին հայտնել է, որ օդաչուներից մեկը գերի է վերցվել:

Սլավյանսկի անջատողականների առաջնորդներից մեկի խոսքերով՝ քաղաքն ամբողջությամբ արգելափակված է, երկնքում 20 ինքնաթիռ է պտտվում, ծայրամասերում՝ հետևակ:

Ռուսական «ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով Սլավյանսկի «ինքնապաշտպանական ուժերին», հաղորդում է վիրավորների մասին, մինչդեռ ուկրաինական լրատվամիջոցները նման տեղեկատվություն չեն հայտնում:

Reuters-ի ֆոտոթղթակիցը հաղորդում է, որ իր աչքի առաջ ուղղաթիռը կրակ է բացել քաղաքի ծայրամասում:

Կիևի իշխանությունները Ուկրաինայի անվտանգության ծառայության առաջ խնդիր են դրել արևելյան շրջաններում վերահսկողությունը վերականգնելու հարցը լուծել մինչև մայիսի 3-ը:

Ուկրաինայի արևելքում ապրիլի սկզբից լարված իրադրություն է։ Ռուսամետ տրամադրություններ ունեցող խմբերը շարունակում են Ուկրաինայի արևելքի տարբեր քաղաքներում իրենց վերահսկողության տակ պահել վարչական շենքեր։ Ապրիլի 15-ին Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարեց, որ երկրի արևելքում՝ Դոնեցկի մարզի հյուսիսում, հակաահաբեկչական գործողություն է սկսվել։ Տուրչինովը մայիսի 1-ին շտապ զորակոչի հրամանագիր է ստորագրել` երկրի հարավային և արևելյան շրջաններում իրավիճակի սրման հետ կապված:

Արևմուտքը Ռուսաստանին է մեղադրում Ուկրաինայի արևելքում լարվածությունը սրելու համար։

Ռուսաստանը նշում է, որ Ուկրաինայի արևելքում կատարվող իրադարձությունների հետ որևէ կապ չունի։