Մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է

1994-ից ի վեր` մայիսի 3-ին նշվում է Մամուլի ազատության միջազգային օրը (World Press Freedom Day): Նախաձեռնությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովինն է: ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան այն տոն է հռչակել 1993-ի դեկտեմբերի 20-ին:

Մայիսի 3-ին ՅՈՒՆԵՍԿՕ–ի Համաշխարհային պարգև է շնորհվում մամուլի ազատության գործում ներդրումների համար:

ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածը սահմանում է. «Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն: Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից: Լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է»:

Օրերս հրապարակված՝ «Ֆրիդոմ Հաուս» կազմակերպության Մամուլի ազատության 2014-ի զեկույցի համաձայն՝ Հայաստանում մամուլի ազատությունը նախահնջել է:

«Ֆրիդոմ Հաուս»-ի Մամուլի ազատության 2013-ի զեկույցում Հայաստանում լրատվամիջոցները համարվել էին ոչ ազատ, քանի որ մեդիաշուկան ֆինանսապես ինքնաբավ չէ, լրատվամիջոցների մեծ մասը կախված է դրանց սեփականատերերից, որոնք ունեն իրենց քաղաքական կամ տնտեսական անձնական օրակարգերը։ Լրատվամիջոցների մի մասն էլ կախված է դոնորների աջակցությունից։

«Ֆրիդոմ Հաուս»-ի մեկ այլ՝ «Ազատությունը համացանցում-2013» զեկույցի համաձայն՝ Հայաստանը դասվել է ազատ երկրների շարքում։ Զեկույցում նշվում է, որ համացանցի հասանելիությունը Հայաստանում զգալիորեն աճել է վերջին մի քանի տարիների ընթացքում՝ կապի էժանացման և ծածկույթի բարելավման շնորհիվ։ Զեկույցն արձանագրում է, սակայն, որ համայնքներում համացանցի հասանելիությունը մեծացնելու ուղղությամբ բավարար ջանք չի գործադրվել, և թվային գրագիտության մակարդակը դեռևս ցածր է։

Ըստ ԱՄՆ պետքարտուղարության հրապարակած «Մարդու իրավունքներ 2013. Հայաստան» տարեկան զեկույցի՝ Հայաստանի իշխանությունները միշտ չէ, որ պահպանում են մամուլի և խոսքի ազատության իրավունքները: Տպագիր, առցանց և հեռարձակող մեդիան 2013թ. ընթացքում վերահսկվել է կամ, որպես կանոն, արտահայտել է իշխանամետ տեսակետներ: