Որևէ հետքայլ բացառված է. Գագիկ Ծառուկյան

Մայիսի 5-ին տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի և խմբակցության համատեղ նիստը:

Կուսակցության տարածած հաղորդագրության համաձայն՝ նիստը քննարկել է օրակարգային մի շարք հարցեր։ «ԲՀԿ խմբակցության և քաղաքական խորհրդի անդամները ներկայացրեցին ներկուսակցական և ներքաղաքական օրակարգային մի շարք հարցերի վերաբերյալ իրենց մոտեցումներն ու տեսակետը։ Ի թիվս այլ հարցերի, համատեղ նիստի ընթացքում քննարկվել է ԱԺ ներկայացվելիք կառավարության ծրագրի հանդեպ ԲՀԿ-ի կողմից որդեգրվող դիրքորոշման հարցը: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը վերահաստատել է, որ կուսակցության հերթական համագումարի ժամանակ հնչեցված բոլոր դրույթները ուժի մեջ են և որևէ փոփոխություն կուսակցության որդեգրած քաղաքական կուրսի մեջ չի լինելու։ ԲՀԿ ղեկավարը մեկ անգամ ևս արձանագրել է, որ իր արժանապատվության և կուսակցության հեղինակության հաշվին որևէ զիջում և հետքայլ բացառված է: Նիստի ընթացքում Գագիկ Ծառուկյանը ևս մեկ անգամ կոչ է արել ակտիվորեն համագործակցել և աշխատել հասարակության բոլոր շերտերի հետ: ԲՀԿ ղեկավարը նաև հնչեցրել է համոզմունք, որ առաջիկա համապետական ընտրություններում հաղթանակը այլևս շրջանցելու է Մելիք-Ադամյան փողոցը»,- նշված է հաղորդագրությունում:

Երևանի Մելիք-Ադամյան փողոցում է իշխող Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակը:

Ապրիլի 29-ին Ազգային ժողովի նախագահի ընտրությանը իշխանությանը քննադատող «Բարգավաճ Հայաստանի» տասնյակ պատգամավորներ քվեարկել էին Հանրապետականի թեկնածու Գալուստ Սահակյանի օգտին: