Բողոքի ակցիա` ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի

Լուսանկարը` Նախախորհրդարանի ֆեյսբուքյան էջից

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց մայիսի 6-ին` ժամը 13:00-ին, մեկնարկեց բողոքի ակցիա` ի պաշտպանություն ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի: Նույն դատարանում ժամը 14:30-ին նախատեսված է վերջինիս գործով դատական նիստ:

Ազատամարտիկի մարտական ընկերներն ակցիայի ժամանակ հանդես եկան ելույթներով: Նրանք Վոլոդյա Ավետիսյանին աջակցողներին շապիկներ բաժանեցին` «Ռեժիմ` ես հայ եմ, սպանիր ինձ» գրությամբ:

Արդեն երկու դատավարություն է, ինչ Վոլոդյա Ավետիսյանն այդ գրությամբ շապիկով է ներկայանում դատական նիստին:

Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում է խոշոր չափերով խարդախության մեջ և սեպտեմբերի 22-ին կալանավորվել է երկու ամսով: Նա առաջինն էր, որ 2013թ. մայիսին նստացույց հայտարարեց` բարձրաձայնելով ազատամարտիկներին մտահոգող սոցիալական խնդիրների մասին: Նրա գլխավորությամբ ազատամարտիկները նստացույցեր էին անում ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի մյուս խոշոր քաղաքներում: Վերաքննիչ քրեական դատարանը 2014թ. հունվարի 31-ին ևս երկու ամսով երկարացրել էր Վոլոդյա Ավետիսյանի կալանքը: Ազատամարտիկի կալանքը երկուական ամսով երկարացվել է հինգ անգամ: Վոլոդյա Ավետիսյանի դեմ հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտվել էր մարտի 6-ին: