Սեյրան Օհանյանը մեկնել է Իջևան` զինվորի մահվան դեպքի հետ կապված

Մայիսի 10-ին N զորամասում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ այսօր` մայիսի 11-ի վաղ առավոտյան, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկնել է Իջևան, այցելել դեպքի վայր, հաղորդում են ՊՆ մամուկի ծառայությունից: Այնուհետև պաշտպանության նախարարը ռազմական ոստիկանության Իջևանի տարածքային բաժնում ՊՆ քննչական ծառայության, ռազմական ոստիկանության վարչության պետերի, բանակային զորամիավորման և զորամասի հրամանատարների, բարձրաստիճան այլ զինվորականների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել:

Նախարարին են ներկայացվել գործի հետ կապված նախաքննության ու ծառայողական քննության բոլոր մանրամասները: Գործի քննության` մասնավորապես ծառայողական քննության ողջ ընթացքը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վերցրել է իր անմիջական հսկողության տակ և հանձնարարել պարբերաբար զեկուցել դրանց առնչվող բոլոր տեղեկությունները: Նախարարը հանձնարարել է անել հնարավորը ճշմարտությունն արագ բացահայտելու և մեղավորներին գտնելու համար:

Մայիսի 10-ին ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ժամը 08:50-ի սահմաններում, հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Ներսես Ղազարի Կարապետյանը` գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումով: Իջևանի քաղաքային հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին Ներսես Ղազարի Կարապետյանը մահացել էր:

Մեկնաբանել