«Դոնեցկի հանրապետությունը» ցանկանում է միանալ Ռուսաստանին

Դոնեցկում ռուսամետ ակտիվիստների առաջնորդները ինքնահռչակ «Դոնեցկի ժողովրդական հանրապետությունը» մայիսի 12-ին հռչակել են «ինքնիշխան պետություն» և Ռուսաստանին խնդրել են այն ընդգրկել իր կազմում, հաղորդում է BBC-ն։

«Մենք՝ Դոնեցկի ժողովրդական հանրապետության ժողովուրդը, 2014թ․ մայիսի 11-ին անցկացված հանրաքվեի արդյունքներով՝ հիմնվելով Դոնեցկի ժողովրդական հանրապետության ինքնիշխանության մասին հռչակագրի վրա, հայտարարում ենք, որ այսուհետ Դոնեցկի ժողովրդական հանրապետությունը ինքնիշխան պետություն է»,- հայտարարել է ինքնահռչակ «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» ժամանակավոր կառավարության համանախագահ Դենիս Պուշիլինը՝ հավելելով․ «Ելնելով Դոնեցկի ժողովրդական հանրապետության ժողովրդի կամարտահայտումից և հանուն պատմական արդարության վերականգնման՝ Ռուսաստանի Դաշնությանը խնդրում ենք դիտարկել Դոնեցկի ժողովրդական հանրապետությունը Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկելու հարցը»։

Պուշիլինի խոսքով՝ «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» իշխանության բարձրագույն մարմին է դառնալու Գերագույն խորհուրդը, որը ձևավորելու է կառավարությունը և «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» Անվտանգության խորհուրդը։

Լուգանսկում ռուսամետ ակտիվիստների առաջնորդներն իրենց հերթին հայտարարել են անկախության հռչակման մասին։

«Լուգանսկի ժողովուրդը հռչակում է Լուգանսկի ժողովրդական հանրապետություն ինքնիշխան պետության ստեղծումը»,- մայիսի 12-ին Լուգանսկում անցկացված հանրահավաքին հայտարարել է «ժողովրդական նահանգապետ» Վալերի Բոլոտովը։

«Համապատասխան միջազգային իրավունքի, հավասարության և փոխշահավետ համագործակցության հիման վրա՝ Լուգանսկի ժողովրդական հանրապետության տարածքը՝ համընդհանուր ճանաչված վարչական սահմաններով, անքակտելի է և անձեռնմխելի»,- ասված է Լուգանսկի ռուսամետ ուժերի հռչակագրում։

Բոլոտովը խոստացել է, որ անկախության հռչակման պահից «հանրապետության» համար սկսվում է նոր կյանք՝ «առանց կիևյան իշխանությունների թելադրանքի»։

Դենիս Պուշիլինը ռուսական «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» առաջնորդները պատրաստվում են միավրվելու շուրջ բանակցություններ վարել Լուգանսկի մարզի ռուսամետ ուժերի առաջնորդների հետ։

«Մտադիր ենք գոյատևել միասին։ Լուգանսկի ժողովրդական հանրապետության ժողովրդական խորհրդի ներկայացուցիչների հետ մենք արդեն նախապես խոսել ենք և այժմ հարկ է որոշել, թե տեխնիկապես ինչպես դա կարվի։ Մենք միասին կքայլենք և ինչ-որ չափով կմիավորվենք»,- ասել է Պուշիլինը։

Մայիսի 11-ին Դոնեցկի և Լուգանսկի մարզերի մի շարք քաղաքներում անցկացվել էին ռուսամետ ուժերի կողմից կազմակերպված հանրաքվեներ «պետական ինքնուրույնության» հարցով։

Հանրաքվեների կազմակերպիչները վստահեցնում են, որ Լուգանսկի մարզի ինքնուրույնությանը 81% մասնակցության դեպքում կողմ է քվեարկել ընտրողների 95,98%-ը, իսկ Դոնեցկի մարզի ինքնուրույնությանը՝ 89,07%-ը՝ 74,87% մասնակցության դեպքում։

Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ հարցումներին մասնակցել է Լուգանսկի մարզում՝ բնակչության մոտ 24%-ը, Դոնեցկի մարզում՝ 32%-ից քիչ ավելին։

Ո՛չ Կիևը, ո՛չ Արևմուտքը չեն ճանաչում Ուկրաինայի արևելքում անցկացված այս հանրաքվեները։

Մայիսի 12-ին ռուսական լրատվամիջոցները հաղորդեցին, որ «Մոսկվան հարգանքով է վերաբերվում Դոնեցկի և Լուգանսկի մարզերի բնակչության կամարտահայտմանը»՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը։ Սակայն Կրեմլի պաշտոնական կայքում հայտարարությունն այդպես էլ չտեղադրվեց։