Ծառուկյանը խոսում է համապետական հաջորդ ընտրություններից

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հարցազրույց է տվել «Կենտրոն» հեռուստաընկերությանը: ՍիվիլՆեթը սղագրել և ներկայացնում է հարցազրույցի տեքստն ամբողջությամբ:

-Պարոն Ծառուկյան, ի՞նչ ակնկալիքներ ունի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նոր վարչապետից և նոր կառավարությունից:

– Նոր վարչապետից և նոր կառավարությունից առաջին հերթին ակնկալում ենք նոր ծրագիր և նոր մոտեցումներ: Պետք է կարողանան ճիշտ գնահատել երկրի տնտեսության վիճակը: Ինքներս մեզ խաբելու ճանապարհը հեռանկար չունի: Վերջին տարիներին թույլ են տրվել մի շարք կոպիտ սխալներ, որի արդյունքում տնտեսությունը հայտնվել է բառի բուն իմաստով կործանման եզրին: Փոքր ու միջին բիզնեսն, ըստ էության ոչնչացված է, օտարերկրյա ներդրումներ չկան, ոչ ոք Հայաստանում չի ցանկանում ներդրումներ կատարել: Գյուղի բնակչությունը վարկերի տակ սնանկացած վիճակում է, շինարարություն չկա: Այս ամենի հետևանքով մարդիկ տասնյակ հազարներով տուն-տեղ թողած գնում են Հայաստանից: Սա նշանակում է, որ սխալ ծրագրեր են իրականացվել, կեղծ թվերով և ցուցանիշներով խաբել են մեր ժողովրդին:

Դժվար է նախանձել այս կառավարությանը. նրանց դժվար աշխատանք է սպասվում: Բայց եթե կառավարությունն ունենա ինչ-որ բան փոխելու կամք ու ցանկություն, ապա անկախ բոլոր դժվարություններից՝ հնարավոր կլինի իրավիճակը շտկել:

– Գաղտնիք չէ, որ Դուք և վարչապետ Հովիկ Աբրահամյանը ունեք ազգակցական, ավելի ստույգ՝ խնամիական կապեր: Դա չի՞ կաշկանդելու Ձեր կուսակցությանը ավելի օբյեկտիվ լինել և հակառակվել կառավարությանը:

-Բարեկամությունը քաղաքական կատեգորիա չէ: Կա նոր վարչապետ, նոր կառավարություն: Տեսնենք՝ ինչ ծրագրեր են բերում, որքանով են նրանց քայլերը համապատասխանում իրենց ծրագրերին և խոստումներին, տեսնենք՝ ինչ են անում, որ ժողովրդի կենսամակարդակը բարձրանա: Կան խնդիրներ, որոնք կարելի է մեկ-երկու ամսում լուծել, տեսնենք՝ կգնան դրան, թե ոչ: ԲՀԿ խմբակցությունը լինելու է շատ ակտիվ ու չի հանդուրժելու ոչ մի բան, որը դեմ կլինի ժողովրդի շահերին: Իմ ամենամոտ բարեկամը ժողովուրդն է: Ես իմ սկզբունքները և արժանապատվությունը երբեք չեմ զիջելու: Ոչ ոք դրանում թող չկասկածի: Վերջին տարիներին իմ քաղաքական գործունեության հիմքում սա է եղել: Ես մի քանի անգամ ասել եմ և այսօր էլ կրկնում եմ՝ երբեք չեմ անելու մի քայլ, որից հետո կամաչեմ նայել մարդկանց աչքերին: Ես պատրաստ եմ կորցնելու և տուժելու, բայց երբեք չեմ կորցնելու ժողովրդի վստահությունը, չեմ դավաճանելու իմ խոստումներին, հուսախաբ չեմ անելու միլիոնավոր մարդկանց, և ես լինելու եմ վստահելի ու սկզբունքային իմ քաղաքական գործընկերների հանդեպ: Չի՞ փոխվի իրավիճակը, մարդկանց կյանքի չի՞ լավանա, ժողովրդի դժգոհությունը մե՞ծ կլինի, ուրեմն երկրում շատ ավելի լուրջ փոփոխություններ են պետք: Նոր կառավարությունը ընդունված է: Չգիտեմ 100 օր տալ, 200 օր տալ, սա փորձաշրջան է, բայց փորձաշրջան է ոչ միայն կառավարության, այլև շատ-շատերի, եթե կուզեք բոլորիս համար: Մի քանի մարդու պատճառով չպետք է տուժի ողջ ժողովուրդը:

– Ձեր պատասխաններից կարելի՞ է ենթադրել, որ ԲՀԿ-ն շարունակելու է իր ընդգծված ակտիվությունը խորհրդարանում, և արդյոք ԲՀԿ-ն շարունակելու՞ է իր աշխատանքները ոչ իշխանական քառյակի ֆորմատում:

Իհարկե շարունակելու է: Կուսակցության վերջին համագումարում իմ առաջ քաշած բոլոր սկզբունքները ուժի մեջ են: Նույն պատգամավորները պետք է լինեն շատ ակտիվ խորհրդարանում: Ես ասել եմ, որ նրանց աշխատանքի վայրը ոչ թե հարմար սենյակներն են, այլ այնտեղ, որտեղ կլինեն մարդիկ, մեր հայրենակիցները՝ իրենց հուզող խնդիրներով և հոգսերով: ԲՀԿ խմբակցությունը, եթե չի ընդունի կառավարության մոտեցումները, ապա պարտավոր է ներկայացնել սեփական տարբերակը, ժողովրդին բացատրել և հիմնավորել, թե ինչու ենք դեմ, և ինչ ենք առաջարկում ինքներս: Սա շատ կարևոր սկզբունք է:

Քառյակի մասով ասեմ, որ ԲՀԿ-ն ոչ միայն շարունակելու է ակտիվ աշխատել, այլև իր գործընկերների հետ անընդհատ նոր հարցեր առաջ քաշելով՝ ձևավորելու է սեփական օրակարգ, այլ ոչ թե հետևելու է ուրիշների քայլերին ու ծրագրերին:

Օգտվելով առիթից՝ թերևս առաջին անգամ ուզում եմ պաշտոնապես հայտարարել՝ գալիք համապետական ընտրություններին, լինեն դրանք խորհրդարանական, թե նախագահական, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը իր քաղաքական գործընկերների հետ միասին, ուժեղ թիմով, գրագետ ծրագրով մասնակցելու է միայն ու միայն հաղթելու և միասնական ուժերով երկիրը այս վիճակից դուրս բերելու վճռականությամբ: Այնպես որ, սիրելի ժողոովուրդ, մի´ հուսահատվեք, մի´ մտածեք երկրից գնալու մասին, դատարկ մի´ թողեք ձեր տները, մեր երեխաներին մի´ տարեք օտար երկրներ, այլ միասին, ձեռք-ձեռքի տված, պատրաստվենք պայքարի, հաղթանակի ու մեր երկիրը ինքներս շենացնելու գործին:

Մեկնաբանել