Հանուն ազգային ամբիցիաներ ունենալու իրավունքի

Իր ինտեգրացիոն դեգերումներում Հայաստանի իշխանությունները հայտնվել են տհաճ իրականության առջև: Արդեն իսկ պարզ է, որ ՀՀ-ն չի դառնա Եվրասիական միության հիմնադիր անդամ: Միությունը կստեղծեն Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը, իսկ Հայաստանի ու Ղրղզստանի անդամակցության հարցը կորոշեն հիմնադիր երկրները: Ավելին` լուրջ խնդիրներ են առաջանում Եվրասիական միության բնույթի հետ կապված: Ղազախստանն ու Բելառուսը խնդիրներ են առաջացնում վերազգային, քաղաքական միավոր ստեղծելու հարցում և, ամենայն հավանականությամբ, Եվրասիական միությունը կդառնա հերթական տնտեսական համագործակցության կազմակերպությունը:

2013թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ իշխանությունններն ամբողջապես ոչնչացրին հայկական գործոնը՝ վերացնելով տարբեր ուժերի միջև մանևրելու, տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների համար հրապուրիչ լինելու հնարավորությունը և հայտարարեցին Մաքսային, իմա՝ Եվրասիական միություն մտնելու ցանկության մասին: Պարզվում է՝ այս միության հիմնադիրներն այնքան էլ լուրջ չեն ընդունում պաշտոնական Երևանին և չեն շտապում նրան ընդունել միության մեջ:

Վարկածը, որ Մոսկվան Սերժ Սարգսյանին առաջարկել է անել սեպտեմբերի 3-ի հայտարարությունը զուտ Ուկրաինայի վրա ազդելու համար, ամբողջովին հաստատվում է: Այս ամբողջը ցույց է տալիս, որ Հայաստանը Ռուսաստանի համար ընդամենը քարոզչական գործիք է, որին կարելի է ստորագրել տալ ցանկացած փաստաթղթի տակ: Սեպտեմբերի 3-ի աշխարհաքաղաքական աղետը, ինչպես որակում են Սերժ Սարգսյանի ինտեգրացիոն ընտրությունը հայաստանյան որոշ քաղաքագետներ, ամբողջովին վերացրեց Հայաստանի միջազգային կշիռը: Այս վիճակը նույնիսկ Սերժ Սարգսյանի փոփոխության դեպքում վերականգնելը դժվար է, գրեթե անհնար: Անվստահ գործընկերոջ կերպարը անհաղթահարելի «կապիտալ» է, քաղաքական ծանր բեռ, որից ձերբազատվելը սերունդների տքնաջան աշխատանք է պահանջում:

Այս պայմաններում նոր հայկական իշխանությունների և հայության հիմնական ջանքերը պետք է ընթանան առնվազն հետևյալ սկզբունքը հարգելով. «Հայաստանը երբեք չպետք է մաս դառնա վերազգային միություններին»:

90-ականների վերջին և 2000-ականնների սկզբին Հայաստանը լուրջ հնարավորություններ ուներ տարածաշրջանային կարևոր գործոն և տարբեր գերտերությունների ցանկալի գործընկեր դառնալու համար: Շատ քիչ երկրների է հաջողվում արդյունավետ հողահավաք իրականացնել, այն ինչ հաջողվել էր հայությանը 90-ականների սկզբին: Սակայն Արցախի ազատագրումից հետո Հայաստանի ծանր տնտեսական վիճակը թույլ չէր տալիս հայկական գործոնի փայալատակմանը: 2000-ականների սկզբին եղավ մի կարճ փուլ, երբ տնտեսական աճը հնարավորություն էր տալիս հայությանն առնվազն տարածաշրջանում դերակատար դառնալ:

Սակայն հսկայական ռեսուրսների կուտակումը քիչ թվով մարդկանց ձեռքին աստիճանաբար Հայաստանը հասցրեց այս ողբերգական վիճակին, անելանելիությանն ու նիհիլիզմին: «Գաղջ մթնոլորտը» հաղթահարելու միակ տարբերակը վերազգային որևէ միությանը չմիանալու սկզբունքը որդեգրելով նոր քաղաքացիական ամբիցիաների առաջքաշումն է՝ հասարակության և իշխանության որակները փոխելու և ազգային ամբիցիաներ ունենալու իրավունքը նվաճելու համար:

Մեկնաբանել