Ինչպես խփել 200 տոկոս

Իմ գործընկեր Արման Սուլեյմանյանն օրերս մեկնել էր Սյունիքի մարզի լեռնային գյուղերից Քաշունի և պատրաստել ռեպորտաժ՝ «Ո՞վ ունի Քաշունի» վերնագրով: Քաշունին և´ պաշտոնապես, և´ իրականության մեջ, Հայաստանի ամենափոքր գյուղն է: Պաշտոնական տվյալներով` Քաշունիում բնակվում է 27 հոգի, իրականում` ընդամենը 7:

Գյուղի դպրոցը փակվել է 40 տարի առաջ, գյուղապետը չի փոխվում արդեն գրեթե 20 տարի: 78-ամյա գյուղապետ Գառնիկ Հակոբյանը Հայաստանի ամենատարեց համայնքապետն է (Աստված երկար կյանք տա): Սուլեյմանյանի ռեպորտաժը դիտելուց հետո բացեցի www.elections.am կայքը (սա Հայաստանի ԿԸՀ-ի կայքն է, որտեղ կարելի է գտնել համապետական ընտրությունների պաշտոնական տվյալները), ապա անմիջապես զանգահարեցի գյուղապետին՝ ճշտելու, իրականում քանի բնակիչ է ապրում Քաշունիում: Գյուղապետը պնդեց, որ 27 մարդ է ապրում:

Նախագահական վերջին՝ 2013-ի փետրվարին կայացած ընտրություններում, Սերժ Սարգսյանը, ըստ պաշտոնական տվյալների, Քաշունիում ստացել է 100 տոկոս ձայն: Ընտրություններին մասնակցած բոլոր 14 քաշունեցիները իրենց քվեն տվել են «Ապահով Հայաստան»-ին: Անշուշտ, սա միակ գյուղը չէ, որտեղ Սարգսյանը 100 տոկոս է խփել:

Տեսականորեն, հնարավոր է, որ Քաշունիում գրանցում ունի հենց 27 քաղաքացի: Ես, օրինակ, 1990-ին մեր գյուղից մի փոքր գործով եկա Երևան, և այլևս չվերադարձա, սակայն շարունակում եմ գրանցված մնալ գյուղում: Տեսնես` ես ում օգտին եմ քվեարկում նախագահական ընտրություններում: Նույնը կարող է լինել Քաշունիի պարագայում: Այսինքն, մարդիկ շարունակում են գրանցված մնալ Քաշունիում, ընտրել (իրենց կամքից անկախ) Քաշունիում, բայց բնակվել Գորիսում, Կապանում, Ռուսաստանում:

Սյունիքի մարզպետարանի կայքում, ինչպես մյուս համայնքների, այնպես էլ Քաշունիի մասին պաշտոնական տեղեկություններ կան: Այնտեղ նշված է նաև Քաշունիի ավագանու անդամների հինգհոգանոց ցանկը: Մեջբերում եմ անուն առ անուն՝ Սիլվա Գևորգյան, Եվգենյա Գրիգորյան, Լենա Գրիգորյան, Փնջիկ Միրզոյան և Արշալույս Հակոբյան:

Հասկացաք, չէ, թե ինչու անուն առ անուն մեջբերեցի: Ես չեմ հանդիպել աշխարհի որևէ այլ համայնք, որտեղ ավագանին գրեթե 100 տոկոսով կազմված լինի կանանցից: Հետո էլ միջազգայինները բողոքում են, թե Հայաստանում խախտվում է գենդերային բալանսը: Հապա մի գնացեք Քաշունի:

Սուլեյմանյանի ռեպորտաժը լավն էր: Հումոր կար, պարզ բառերով՝ խոր հումոր: Նահապետական հայ գյուղը պահում է պարզություն ու անկեղծություն: Ափսոս, որ նահապետական հայ գյուղը վերանում է:

Մեկնաբանել