Երևան-Բաթումի գնացքի տոմսերը վաճառքում են

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Երևան-Բաթումի-Երևան չվերթում գործող «Արմենիա» ֆիրմային գնացքի տոմսերն արդեն հայտնվել են վաճառքում:

Ինչպես հաղորդում են «Հարավկովկասյան երկաթուղու» մամուլի ծառայությունից, ամենօրյա ֆիրմային գնացքի երթևեկությունը մեկնարկելու է հունիսի 15-ին: Երևանից գնացքը մեկնելու է ժամը 15:30-ին:

Տոմսերը վաճառվում են Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Արմավիրի կայարանների տոմսարկղերում, ինչպես նաև ՀԿԵ կայքում:

Երևանից Բաթումի ուղևորության տևողությունը կազմում է 15 ժամ 50 րոպե, իսկ հետադարձ ճանապարհը՝ 15 ժամ 40 րոպե:

2013թ. հետ համեմատ ՀԿԵ-ի գնային քաղաքականությունը էական փոփոխություններ չի կրել:

Ֆիրմային գնացքի վագոնները համապատասխանում են տեխնիկական, սանիտարահիգիենիկ և անվտանգության նորմերին: Բարձր հարմարավետությամբ կուպեներում և ննջավագոններում ուղևորներին անվճար տրամադրվում է Wi-Fi կապ:

Հարավկովկասյան երկաթուղու տվյալներով, 2008թ. հետ համեմատ 2013 թ. «Արմենիա» ֆիրմային գնացքի ուղևորների թիվը աճել է 532%-ով՝ 8,6 հազ. մինչև 46 հազ.:

«Հարավկովկասյան երկաթուղին» հիշեցնում է, որ ապրիլին Անկախ պետությունների համագործակցության երկրների Երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդի տնօրինությունը Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքին շնորհել է «ֆիրմային» կարգավիճակը և «Արմենիա» անվանումը: