Ստորացվող թիրախ

Սերժ Սարգսյանի հրապարակային ստորացումն Աստանայում կարող է լինել Հայաստանի կորսված դիրքերի հետբերման սկիզբը: Ստորացման օբյեկտն իրականում Սերժ Սարգսյանն էր, ոչ թե Հայաստանի Հանրապետությունը, քանզի վաղուց երկրի ներսում լեգիտիմության պակասը, արտաքին քաղաքական կուրսի անակնկալ և տարօրինակ եղանակով փոխելը ցույց են տալիս, որ հայաստանյան հասարակությունը մասնակից չի լինում ոչ իշխանության ձևավորմանը, ոչ կարևոր որոշումների կայացմանը:

Սա գիտակցվում է նաև արտերկրում, Սերժ Սարգսյանը որոշ դեպքերում նույնիսկ չի ասոցացվում Հայաստանի հետ: Սեփական երկրի հասարակության կողմից մերժված գործիչը ամենամատչելի թիրախն է տարբեր երկրների ղեկավարների համար վերջինիս ստորացման հաշվին տարբեր հարցեր լուծելու համար: Նման գործչին կարելի է ստիպել տարբեր հայտարարություններ անել, գագաթաժողովի ժամանակ վերաբերվել որպես վտարյալի, արհամարհել, չնկատել և այլն: Սերժ Սարգսյանի հրապարակային ստորացումը կարող է սկիզբ դառնալ Հայաստանի ինքնիշխանության զիջման գործընթացի կասեցման:

Ղազախստանի և Բելառուսի դիրքորոշումները Եվրասիական միությանը Հայաստանի միանալու հարցին լավագույն պատրվակն է հրաժարվելու վերազգային այս կառույց գնալու նախաձեռնությունից, նամանավանդ, որ մեզ այնտեղ սպասող չկա: Իշխանամերձ շրջանակներում առկա մտավախությունը, որ Եվրասիական միությանը միանալուց հրաժարվելը կառաջացնի Ռուսաստանի զայրույթը, ինչը ճակատագրական կարող է լինել Հայաստանի կամ Հայաստանում հանրապետականների իշխանության վրա, նույնպես արդարացված չեն: Հայաստանը կարող է շարունակել սերտ համագործակցությունը Ռուսաստանի հետ, համոզել, որ Ղազախստանի կամ Բելառուսի ՀՀ-ին ուղղված պահանջներն անընդունելի են հայության համար: Իշխող կուսակցությունը կարող է շարունակել ռուսական գործակալներին և կրեատուրային ՀՀԿ ցուցակում տեղեր հատկացնել՝ ռուսական վերահսկողությամբ երաշխավորելով Մոսկվայի բարեհաճ վերաբերմունքը:

ՀՀ և ԼՂՀ միջև մաքսային սահմանի բացառման Արցախի իշխանությունների կտրուկ դիրքորոշումը նույնպես կարող է օգնել Սերժ Սարգսյանին հրաժարվելու ՀՀ ինքնիշխանության սահմանափակման քայլերից և ավելի արդյունավետ որոշումներ կայացնել: Սա զգալի աջակցություն է, որ ստացել է Ս.Սարգսյանը Ստեփանակերտից, որի դերն իր իշխանության տարիներին փորձել է զրոյացնել: Չկարողանալով արտաքին քաղաքական մանևրերի համար օգտագործել հայաստանյան հասարակությանը՝ Սարգսյանն այս հարցում կարող է ապավինել Արցախին:

Սեփական երկրի ինքնիշխանությունը հենց այնպես նվիրող գործիչը չի կարող հարգված լինել միջազգային հարթակում: Նազարբաևը երբեք չէր համարձակվի նման ձևով վերաբերվել ՀՀ նախագահի հետ, եթե վերջինս իմանար ինքնիշխանության գինը: Պետք է նկատել, որ Ղազախստանի նախագահը գնահատելի հարաբերությունների մեջ է եղել ՀՀ առաջին և երկրորդ նախագահների հետ:

Հետագա ստորացումներից խուսափելու եզակի հնարավորություն է տրված Սերժ Սարգսյանին՝ հրաժարվել ՀՀ ինքնիշխանությունը սրան-նրան առաջարկելուց:

Մեկնաբանել