Եգիպտոսի նոր նախագահը երդվեց

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում` Գերագույն սահմանադրական դատարանի շենքում, հունիսի 8-ին տեղի է ունեցել նորընտիր նախագահ, երկրի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Աբդ ալ Ֆաթահ աս Սիսիի երդմնակալության արարողությունը, հաղորդում է BBC-ն:

Պաշտոնապես ստանձնելով նախագահի պաշտոնը` Սիսին հայտարարել է, որ իր ընտրությունը «իշխանության ժողովրդավարական, խաղաղ փոխանցում էր», և այն «պատմական ու շրջադարձային պահ է» ժողովրդի համար:

«Հազարավոր տարիների իր պատմության ընթացքում մեր երկիրը նախկինում չէր տեսել իշխանության ժողովրդավարական խաղաղ փոխանցում»,- ասել է նա:

Նոր նախագահը երդվել է «կառուցել նոր Եգիպտոս` ուժեղ, արդար և ապահով երկիր, որը կբարգավաճի»:

Աբդ ալ Ֆաթահ աս Սիսին կարևոր դեր խաղաց 2012թ. Եգիպտոսում առաջին ազատ նախագահական ընտրությունների արդյունքում ընտրված Մուհամադ Մուրսիի պաշտոնանկության հարցում։ Եգիպտոսի բանակը իսլամիստական «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության անդամ Մուրսիին իշխանությունից հեռացրեց 2013թ․ հուլիսի 3-ին երկրի խոշոր քաղաքներում նրա կողմնակիցների և հակառակորդների շարունակական ելույթներից հետո։ Մուրսիի պաշտոնակնությունից հետո «Մուսուլման եղբայրները» Եգիպտոսում արգելվեց, նրա շատ ղեկավարներ ձերբակալվեցին: 2013թ․ դեկտեմբերին «Մուսուլման եղբայրները» Եգիպտոսում հայտարարվեց ահաբեկչական կազմակերպություն: Մուրսիի նկատմամբ ներկայում դատական գործընթաց է իրականացվում:

Երդմնակալության արարողությանը Գերագույն սահմանադրական դատարանի փոխնախագահ Մահեր Սամին ասել է, որ Մուրսիի պաշտոնանկությունը հեղաշրջում չէր, և որ Սիսին արձագանքեց ժողովրդի կամքին:

Եգիպտոսում նախագահական ընտրություններն անցկացվել էին մայիսի 26-28-ին: 59-ամյա Աբդ ալ Ֆաթահ աս Սիսին ստացել էր ընտրողների ձայների 96,9%-ը։ Նրա միակ մրցակից, ձախակողմյան Համդին Սաբահին ստացել է 3,1% ձայն։ Ինչևէ, մասնակցությունը կազմել էր 47,5%։ 2012թ․ նախագահական ընտրություններին մրցակցությունը մոտ 52% էր կազմել:

Սիսին պառակտված հասարակություն է «ժառանգում»: Փորձագետները զգուշացնում են, որ եթե նա չկարողանա արդարացնել հույսերը մեկ կամ երկու տարում, նույնպես կարող է առերեսվել հեղափոխության:

Նոր նախագահը մարտահրավերների առջև է` նրա առաջնահերթությունները պետք է լինեն տնտեսության վերականգնումը, քաղաքական հետագա ճգնաժամերի կանխումն ու աղքատության մակարդակի նվազեցումը:

Սիսիի քննադատներն ասում են, որ նա ևս մի ավտորիտար առաջնորդ է, որը պաշտպանելու է զինվորականների շահերը և ճնշելու է այլախոհությունը:

Մեկնաբանել