ԼՂ խնդիրը խոչընդոտում է Ադրբեջանի եվրասիական ինտեգրմանը. Պուտինի խորհրդական

Ղարաբաղյան հակամարտությունը խոչընդոտում է Ադրբեջանի եվրասիական ինտեգրմանը. այսպիսի հայտարարություն է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազևը «Վեստնիկ Կավկազա» էլեկտրոնային պարբերականի հետ տեսահարցազրույցում:

«Եթե մեզ հաջողվեր վերջնականապես կարգավորել այդ հակամարտությունը և ապահովել կողմերի փոխըմբռբնումն ու Կովկասում երկարատև խաղաղությունը, կարծում եմ՝ խոչընդոտները, որոնք այսօր խանգարում են Ադրբեջանին՝ դառնալու եվրասիական ինտեգրման լիարժեք մասնակից, մեջտեղից դուրս կգային: Հավանաբար դրանով է բացատրվում այս տարածաշրջանի նկատմամբ այսքան մեծ ուշադրությունը»,- ասել է նա:

Նա ափսոսանք է հայտնել, որ Ադրբեջանը չի մասնակցում եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացին: «Ռուսաստանի համար դա բացթողում է, և մենք կցանկանայինք Ադրբեջանը տեսնել այդ գործըթնացի լիարժեք մասնակից: Ադրբեջանը մեր ավանդական և լավ գործընկերն է, որի հետ աշխատում ենք ամեն օր: Ադրբեջանը Ռուսաստանի մասն է մշակութային, մարդկային և տնտեսական համագործակցության առումով»,- ասել է Ռուսաստանի նախագահի խորհրդականը:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որը հունիսի 17-18-ին պաշտոնական այցով Բաքվում էր, հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կապված չէ եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացի հետ:

Մեկնաբանել