Եվրահանձնաժողովի նոր նախագահ կդառնա Ժան-Կլոդ Յունկերը

Եվրամիության երկրների առաջնորդները Լյուքսեմբուրգի նախկին վարչապետ Ժան-Կլոդ Յունկերին առաջադրել են Եվրահանձնաժողովի նոր նախագահի պաշտոնում: Ինչպես հաղորդում է Euronews-ը, այս մասին ԵՄ երկրները որոշում են կայացրել Բրյուսելում գագաթաժողովի ընթացքում:

«Որոշումն ընդունված է: Եվրոպական խորհուրդը առաջադրում է Ժան-Կլոդ Յունկերին՝ որպես Եվրահանձնաժողովի հաջորդ նախագահ»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպույը:

Ինչպես հայտնում է BBC-ն, այս առաջարկությունը հուլիսի 16-ին դեռ պետք է հաստատվի Եվրախորհրդարանի կողմից, սակայն այդ գործընթացը ամենայն հավանականությամբ ձևական բնույթ կկրի:

Յունկերի թեկնածությանը, ըստ էության, համաձայն են եվրոպական բոլոր առաջնորդները՝ բացի Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնից: Վերջինիս կարծիքով՝ Յունկերի քաղաքական ծրագրերը, որը միության ներսում սերտ ինտեգրման կողմնակից է, կարող են արգելափակել ԵՄ բարեփոխումները: Քեմերոնը ավելի վաղ նույնիսկ սպառնացել է, որ եթե Յունկերն ընտրվի, Մեծ Բրիտանիան դուրս կգա Եվրամիությունից:

Մեկնաբանել