Աֆրիկյանների հետ չեմ կարող նկարվել

Լրացավ Աֆրիկյանների շենքի պաշտպանության ակտիվ պայքարի երրորդ շաբաթը:

Երեք շաբաթ առաջ Սոնայի հրավերով գնացի մի լուսանկարչական ակցիայի շրջանակներում շենքին հրաժեշտ տալու: Ակցիան կայացավ, բայց շենքը չընդունեց մեր հրաժեշտը: Իր բարձր զարդանախշերից մեզ նայեց ծերացած ու տխուր հպարտությամբ ու, հասկացանք, որ սպանվողին հրաժեշտ չեն տալիս, նրան փրկում են – ամեն գնով, ուժերի ներածի չափով ջանք են թափում, կռիվ տալիս հանցագործի հետ ու փրկում…

Երեք շաբաթվա ընթացքում մեր փոքր խմբի կռիվը դարձավ հանրային ուշադրության օրակարգային հարց` արթնացնելով համապատասխան հակազդեցություն` ոստիկանության ուժերի կենտրոնացումից մինչև դատական համակարգի խեղում ու պարալիզում: Մեր զգացմունքային ճիչը, անհատական հիշողությանը տեր լինելու բողոքը տեղափոխվեց իրավական հարթություն, ստացավ օրենքով ամրագրված հիմք ու… բախվեց ամենաթողության ու ստրկամտության պատին։ Որոշ կառույցներ մի քանի անգամ բարձրաձայնեցին քանդման աշխատանքների անօրինականության մասին, սակայն դատական հայցերը, հակառակ օրենքով սահմանված կարգի, անպատասխան մնացին: Ի վերջո, հուշարձանը պարզապես քավության նոխազ դարձավ մեծահարուստների, պետական ինստիտուտների, ոստիկանության, դատարանի և այլ կառույցների փոխհարաբերությունների դարավոր խնդիրների ու հակասությունների արանքում:

Ստացվեց, որ օրենքը միայն զգուշորեն ծալելու ու գրպանը դնելու համար է, դատարանի դռները` կողպվելու, ոստիկանությունը` ապօրինի աշխատանքների անվտանգությունն ապահովելու, մշակույթի նախարարությունը` ուշացած հոգոց հանելու և ձեռքերը անօգնական թափ տալու…

Ու միայն քաղաքացին է, որ պիտի իր վրա վերցներ բոլոր ձախողած պատասխանատուների պարտականություններն ու ուսերին 130 տարվա պատմություն դրած` փորձեր քայլել դեպի սեփական ձեռքերով քար-առ-քար կառուցած ու փայփայած նոր իրականություն:

15-16 տարեկան տղաներ ու աղջիկներ ամեն օր պարտաճանաչ կերպով հերթապահության են գալիս, տիրություն են անում իրենց քաղաքի իրենց անկյունին, ՏԵՐ են կանգնում – բառի ենթադրած պատասխանատվության ամենախորքային գիտակցությամբ: Պատասխանատու են, որովհետև սիրում են: Սիրում են, որովհետև սիրտ ունեն… մաքուր, համարձակ ու մեծ սիրտ: Անօրինականությունն իրենց համար ժանտախտ է, որ պիտի բուժեն, որի դեմ իմունիտետն արյան մեջ ունեն ի ծնե, ու իրենց պարագայում ոչ թե հիվանդությունն է վարակիչ, այլ հենց իմունիտետը` սերն ու նվիրումը, աննահանջ պայքարելու պատրաստակամությունը, բարձր իրավական գիտակցությունն ու հավատն օրենքի ուժի հանդեպ:

Ես չկարողացա պայքարի երրորդ շաբաթը բոլորել իմ պայքարի ընկերների կողքին (դեռևս մեկ տարի առաջ պլանավորած ճամփորդությունս անհետաձգելի էր): Հեռվից դժվար է հետևել, ավելի բարդ է` որևէ կերպ օգտակար լինել… խոստացա ֆոտո-ակցիա իրականացնել իմ հանդիպած ճարտարապետական հուշարձանների մոտ` կրելով Աֆրիկյանների պաշտպանության շարժման շապիկը:

Նկարվեցի. եվրոպական հուշարձանները` հպարտ, կոկիկ, մեջքները ձիգ, ամեն մեկն ընդհանուր քաղաքային լանդշաֆտում առանձնանում է որպես տվյալ պետության ու հանրության մեծագույն արժեք, ամեն քար ու կառույց` վեհության ու լույսի աղբյուր… ու դրանց կողքին մարդիկ կամա թե ակամա դառնում են այդ պահը պատմության հետ հատող մի հանգույց, մի խորհրդավոր ուժ, աշխարհի գոյության այդ վայրկյանին երկրագնդի այդ կետում հենց իրենց վրա է ընկնում ակնթարթի անսահմանության տերը լինելու, ժամանակների սահմանները փշրելու պատասխանատվությունը, ամեն մարդ ինքնին դառնում է այդ մեծ էներգիայի շրջապտույտի մասնիկն ու շարժիչ ուժը:

Ես էլ դարձա: Ես էլ միացա մարդկային արժանապատվություն թելադրող այդ միջավայրին, ձգվեցի ու ժպտացի նկարներում:

Հետո թերթեցի նկարներս, հասա երևանյան կադրերին, պայքարի տարբեր տեսարանների… ու հասկացա, որ Աֆրիկյանների շենքի հետ նկար չունեմ: Հասկացա, որ Փարիզի տարբեր հուշարձանների մոտ ձեռք բերած արժանապատվությունս խաբուսիկ էր, ուրիշինն էր, իմը չէր. իմը մնացել է Երևանի Տերյան-Պուշկին հատույթում` մետաղյա թիթեղներով բանտարկված, շինարարական փոշու ու աղբի մեջ…

Այդ ոնտահարված արժանապատվության հետ ինչպե՞ս կարող էի նկարվել:

Իմ պատմության կորստի, իմ քաղաքի խեղման, իմ իրավունքի մերժման, իմ հպարտության քայքայման պատկերի հետ ինչպե՞ս նկարվեի: Երևանի մեկդարյա քաղաքային մշակույթի վերջին բեկորներից մեկը` բարձրահարկերի մեջ խեղդված, դիտավորյալ ստորացված, ամայացած ու լքված… սա մեր պետության ապագայի անիրական տեսլականի պատկերն է, հուշարձանի՝ մեր աչքի առաջ օր օրի պակասող քարերը այն տեսանելի կորուրստն են, որ հարյուրավոր այլ խնդիրների պարագայում անտեսանելի կերպով սողոսկում են մեր ուշադրությունից: Աֆրիկյանների շենքի մոտ նկարվելը կնշանակեր ժպիտը դեմքիդ կանգնել սահմանամերձ գյուղում արտագաղթողների տների կողպված դռների կողքին, նրանց ամայացած բակերում, լքված դաշտերում…

Աֆրիկյանների խնդիրը չի ավարտվում քարերի տեղափոխմամբ: Այնպես, ինչպես պայքարի շատ այլ օջախներ, նույնիսկ համեմատաբար «հաջողվածները» մինչ օրս լիովին չեն մարել: Չի ավարտվել Մաշտոցի պուրակի պայքարը, թեև անգամ բարեկարգվել է տարածքը, չի ավարտվել 100-դրամը, թեկուզ և սակագինը չբարձրացավ, դեռ կիսատ է կենսաթոշակայինի կռիվը, դեռ նոր է բռնկվում էլեկտրաէներգիայի բողոքը… դրանք շարունակվում են, քանի որ պատասխանատուները անպատժելիության երաշխիք ունեն, քանի որ տրանսպորտի սակագնի կասեցված բարձրացումը տրանսֆորմացվում է կոմունալ վճարի, կենսաթոշակի պարտադիրը` հարկային տուրքի, և այսպես մեկը մյուսին լրացնող քայլի է վերածվում համատարած թալանի մեխանիզմում:

Հանրությանը ճնշող, քաղաքացու կամքը զանց առնող որոշումների ու դրանց հետևանքների մի երկար շղթա, որ օղակի պես սեղմվում է մեր շուրջը, շատ-շատերին թևաթափ անում, և միայն մի փոքր խմբի ստիպում անել հնարավորն ու անհնարը, փնտրել ու գտնել լուծումներ, ու հավատալ, ու չհուսահատվել, ու չընկրկել` հանուն կողքիդ կանգնած ընկերոջ, հանուն այն մեծ երազանքի, որ կիսում եք…

Աֆրիկյանների շենքն ամենքինս է: Այն մեր հայելին է: Մեր դեմքը:

Հուշարձանն այսօր բեկոր-բեկոր թափված է աղբակույտի մեջ:

Հուշարձանի քարերը համարակալված են, յուրաքանչյուր քար գիտի իր տեղն ու դերն ընդհանուրի մեջ, բայց հավաքական գիտակցությունը կոտրվել է` ծանր մուրճերի հարվածների տակ…

Հուշարձանի իրական տեղն այսօր հուշում են միայն թիթեղյա վանդակի ներսից երկինք ձգվող երկաթյա կմախքը, և շենքի կիսավեր սենյակներից մեկում բնակվող հին երևանցու լուսանկարները, որոնք կարծես մի հորինված հեքիաթի վկայություն լինեն` ընդամենը մի քանի տարի առաջ ապրող, շնչող, ծիծաղող հեքիաթի, որ մենք` ես ու դու, թույլ ենք տալիս ջնջել մեր քաղաքի հիշողությունից, հանդուրժում ենք մեր իրականության բռնաքանդումը, չենք արձագանքում մեր իրավունքի նսեմացմանը, և չենք նկատում, թե ինչպես են մեզնից խլում այն ահռելի պատասխանատվությունը, որ ուզում էինք ու պատրաստ էինք իրականացնել` մասնակցել պատմության ընթացքի ձևավորմանը և դառնալ քաղաքիդ ոգու ժամանակների կապող օղակը…

Բայց մինչ ես արտերկրում եմ, իսկ դու` համակարգչիդ առջև նստած, մի խումբ լուսավոր ու համառ քաղաքացիներ, արդեն երրորդ շաբաթն է` Աֆրիկյանների շենքի մոտ են: Նրանք երիտասարդ են ու ստեղծագործ, նրանք հետ չեն կանգնում ու չեն սպասում, տիրոջ պես մնում են իրենց հուշարձանի կողքին` մինչև վերջին քարը, հնչեցնում իրենց պահանջն ու անում առավելագույնը, որ գործի դնեն մեր գրպաններում պահ մտած օրենքը:

Եվ շատ չի մնացել այն օրվան, երբ Երևանի ընդհատված ժամանակը նորից ընթացք կստանա` նրանց ուժերով: Աֆրիկյաններում գիշեր-ցերեկ հերթապահություն իրականացնող պատանիները շատ ավելի ստվար շարքերով կգան իրենց իրավունքները ետ նվաճելու: Եվ նրանց պահանջն արդարացի կլինի, քանի որ նրանք երբևէ իրավունք չեն հանձնել:

Եկել է Տերերի ժամանակը:

Մեկնաբանել