Հանձնաժողովը քննարկում է էլեկտրաէներգիայի թանկացման հարցը

Հուլիսի 1-ին` ժամը 11:00-ին, մեկնարկել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նիստը, որտեղ քննարկվում է արտադրող կայանների կողմից առաքվող էլեկտրաէներգիայի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության կողմից սպառողներին առաքվող էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հարցը։

Ինչպես հաղորդում է ՍիվիլՆեթի թղթակիցը, նիստին ներկա են նաև «Բարգավաճ Հայաստանի», Հայ ազգային կոնգրեսի, «Ժառանգության», Հայ հեղափոխական դաշնակցության և «Օրինաց երկրի» պատգամավորներ, հանրային սեկտորի ներկայացուցիչներ:

ՀԾԿՀ նիստի սկզբում ներկայացվել է որոշման նախագիծը, որի համաձայն` օգոստոսի 1-ին բնակչության համար ցերեկային սակագինը կլինի 41,85 դրամ/կՎտ/ժ, իսկ գիշերային սակագինը` 31,85 դրամ/կՎտ/ժ։ Հաջորդած քննարկմանը ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը հերքել է, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինն ամենաբարձրն է տարածաշրջանում:

ՀԷՑ տնօրեն Եվգենի Բիբինն էլ հերքել է մամուլում շրջանառվող լուրերը, թե իր աշխատավարձը 40 000 դոլար է: Նրա խոսքով` ընկերության միջին աշխատավարձը 200 հազ դրամ է։

ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը, իր հերթին, նշել է, որ անցած տարի պատգամավորներին հրավիրել է սակագնի հաշվարկման մեթոդաբանության քննարկմանը, սակայն որևէ արձագանք չի ստացել:

«Ես` որպես սպառող, հասկանում եմ` սակագնի բարձրացումը բեռ է: Էներգետիկ ընկերությունները ավելի շատ էին պահանջում բարձրացնել սակագինը, բայց ՀԾԿՀ-ն չբավարարեց իրենց ողջ պահանջը»,- ասել է ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը:

Միաժամանակ` շենքի դրսում տեղի է ունենում քաղաքացիական ակցիա, որի մասնակիցները պահանջում են հետաձգել նիստը, և քննարկմանը մասնակից դարձնել հանրության բոլոր հատվածներին: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի և ակցիայի մասնակիցների միջև ձեռք է բերվել համաձայնություն, որի համաձայն` երկուական քաղաքացի հերթով կկարողանան մասնակցել նիստին:

Ներկայում Սարյան փողոցում լարված իրավիճակ է ցուցարարների և ոստիկանների միջև:

Մեկնաբանել