Մեսսին ու Դի Մարիան Արգենտինային քարշ են տալիս քառորդ եզրափակիչ

Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում Արգենտինայի հավաքականը լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով դժվարին հաղթանակ տարավ Շվեյցարիայի ընտրանու նկատմամբ և քառորդ եզրափակչի ուղեգիր ձեռք բերեց:

Առաջին խաղակեսում Շվեյցարիան ոչնչով չզիջեց անվանի մրցակցին, թեև լուրջ վտանգավոր պահեր թիմերից և ոչ մեկը չստեղծեց: Ընդմիջումից հետո արգենտինացիները որոշակի խաղային առավելություն ունեին, բայց գրոհներում սրությունը կրկին պակասում էր:

Նույն պատկերն էր նաև լրացուցիչ ժամանակում. շվեյցարացիները մի մարդու նման կազմակերպված պաշտպանվում էին, իսկ Մեսսին ու ընկերները ոչ մի կերպ չէին կարողանում մոտենալ Դիեգո Բենալիոյի դարպասին: Եվ միայն 119-րդ րոպեին շվեյցարական պաշտպանությունը տեղի տվեց. Լիոնել Մեսսին գերազանց անցում ձեռնարկեց, գնդակը փոխանցեց Անխել դի Մարիային, ով ոչ մի շանս չտվեց Դիեգո Բենալիոյին: Հանդիպման վերջին րոպեին Օտմար Հիցֆելդի սաները կարող էին հավասարեցնել հաշիվը, բայց Բլերիմ Ջեմայլիի հարվածից հետո գնդակը ետ մղվեց դարպասաձողից:

Արգենտինան հաղթեց 1:0 հաշվով ու մտավ քառորդ եզրափակիչ, որտեղ ուժերը կչափի Բելգիա – ԱՄՆ հանդիպման հաղթողի հետ:

Մեկնաբանել