Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսսին Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում Շվեյցարիայի ընտրանուն հաղթելուց (1:0) հետո խոստովանել է, որ իրենց բախտը բերել է:
Հիշեցնենք, որ արգենտինացիները հաղթեցին լրացուցիչ ժամանկի նախավերջին րոպեին խփած գոլի շնորհիվ, Մեսսիի փոխանցումից հետո աչքի ընկավ Անխել դի Մարիան:
«Երբեմն նյարդայնանում էի, քանի որ չէինք կարողանում գոլ խփել, և յուրաքանչյուր սխալը կարող էր մեզ դուրս թողնել Աշխարհի առաջնությունից: Չէինք ցանկանում գործը հասցնել ետխաղյա 11 մետրանոց հարվածաշարին, ձգտում էինք ամեն ինչ ավարտել լրացուցիչ ժամանակում:
Սկզբում մտածում էի, որ ես կհարվածեմ, բայց տեսա Անխելին և գնդակը փոխանցեցի նրան: Փառք Աստծո, գոլ խփեցինք:
Հանդիպման որոշ հատվածներում մենք տանջվում էինք: Սա ֆուտբոլ է, մեր բախտը բերեց, հաջողությունը մեզ ժպտաց, ֆուըբոլում միշտ էլ բախտի գործոնը կա»,- Լիոնել Մեսսիի խոսքն է մեջբերում Goal.com-ը: