4,5 մլն դրամ` Ջերմուկում մոծակների դեմ պայքարին

Կառավարությունը հուլիսի 3-ի նիստում որոշում ընդունեց` Ջերմուկ քաղաքի տարածքում մոծակների և այլ խայթող միջատների դեմ պայքարի միջոցառումներ իրականացնելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդի հաշվին գյուղատնտեսության նախարարութ­յանը 2014թ. առաջին կիսամյակում հատկացնել 4,5 մլն դրամ:

Գյուղատնտեսության նախարարության հիմնավորման համաձայն` նախագծի իրականացումը միտված է Ջերմուկում մարդկանց հանգստի պատշաճ մակարդակով կազմակերպմանը, անվտանգ և որակյալ սննդի ապահովմանը, միջատների միջոցով տարածվող կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդություններից մարդկանց և կենդանիների պաշտպանությանը, հիվանդությունների բռնկման և տարածման կանխարգելմանը, միջատների, այդ թվում`մոծակների դեմ պայքարի կազմակերպմանը:

«Ջերմուկ քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման գործում տուրիզմն ունի գերակա առաջնահերթություն: Տուրիզմի զարգացմանը նպաստող անվիճելի գործոններից են` մարդկանց հանգստի պատշաճ մակարդակով կազմակերպումը, անվտանգ և որակյալ սննդի ապահովումը, վարակիչ հիվանդություններից մարդկանց և կենդանիների պաշտպանությունը և այլն: Տուրիզմի գոտիներում կարևորվում է նաև հիվանդությունների բռնկման և տարածման կանխարգելումը, ինչին նպաստում է նաև միջավայրում միջատների, այդ թվում մոծակների դեմ պայքարի կազմակերպումը»,- ասված է հիմնավորման մեջ:

Մեկնաբանել