Բրազիլիան գերազանց խաղով մտավ կիսաեզրափակիչ

Աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում Բրազիլիայի հավաքականը հրաշալի խաղ ցուցադրեց ու 2:1 հաշվով հաղթանակ տարավ Կոլումբիայի ընտրանու նկատմամբ:

Հանդիպման 7-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո հաշիվը բացեց Բրազիլիայի հավաքականի ավագ կենտրոնական պաշտպան Տիագո Սիլվան: Բրազիլացիները խփած գոլից հետո էլ չհանգստացան ու անընդհատ լարվածության մեջ էին պահում կոլումբիացիների պաշտպաններին և դարպասապահ Դավիդ Օսպինային: Առաջին խաղակեսում հատկապես ակտիվ էր Հալքը: Առաջին խաղակեսում կոլումբիացիներն այդպես էլ չկարողացան լրջորեն անհանգստացնել Ժուլիո Սեզարին:

Ընդմիջումից հետո երկար ժամանակ խաղի պատկերը չփոխվեց: Բրազիլացիներն ավելի շատ էին գրոհում ու ավելի վտանգավոր: Այդուհանդերձ, 66-րդ րոպեին Մարիո Յեպեսը գրավեց Սեզարի դարպասը, բայց մինչ այդ եզրային մրցավարը բարձրացրել էր դրոշակը՝ արձանագրելով խաղից դուրս վիճակ:

69-րդ րոպեին բրազիլացիների մյուս կենտրոնական պաշտպանը՝ Դավիդ Լուիսը, գերազանց իրացրեց տուգանայինը՝ մոտ 30 մետրից գնդակը մխրճելով Օսպինայի պաշտպանած դարպասը:

11 րոպե անց իր խոսքն ասաց Մունդիալ 2014-ի լավագույն ռմբարկու Խամես Ռոդրիգեսը՝ 11 մետրանոցից նշակետից կրճատելով հաշվի տարբերությունը: Այս գոլը Ռոդրիգեսի համար 6-րդն էր ընթացիկ առաջնությունում:

Իսկ մինչ այդ մրցավարը ներեց բրազիլացիների դարպասապահ Ժուլիո Սեզարին. Խամես Ռոդրիգեսը գերազանց փոխանցումով հարվածային դիրք դուրս բերեց Կարլոս Բակային, իսկ սեզարը բացահայտ խախտեց խաղի կանոնները Բակայի նկատմամբ, մրցավարը 11 մետրանոց նշանակեց և ընդամենը դեղին քարտ ցույց տվեց Ժուլիոյին, թեև խախտումը վերջին հույսի էր:

Խփած գոլից հետո Խոսե Պեկերմանի սաները մեծացրին ճնշումը և մի քանի անգամ մոտ էին հաշիվը հավասարեցնելուն, բայց այդպես էլ չկարողացան գոլ խփել: Բրազիլիան հաղթեց և մտավ կիսաեզրափակիչ, որտեղ ուժերը կչափի Գերմանիայի հետ:

Մեկնաբանել