Երկրաշարժից Վանաձորում խուճապ էր առաջացել

Վանաձորում հուլիսի 7-ին ժամը 3:08-ին գրանցվել է 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ։ Սեյսմիկ պաշտպանության ծառայության հաղորդմամբ՝ էպիկենտրոնը եղել է Վանաձորից 13 կմ հարավ-արևմուտք, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել է Լոռու և Արագածոտնի մարզերում՝ 3-4 բալ ուժգնությամբ: Երկրաշարժին հաջորդել է 0,8-1,2 մագնիտուդով 4 հետցնցում:

Երկրաշարժի պատճառով Վանաձորում խուճապ էր առաջացել: Վանաձորի բնակիչ Վահան Աբրահամյանը ՍիվիլՆեթին ասաց, որ ամբողջ գիշեր և առավոտյան հազարավոր վանաձորցիներ դուրս էին եկել փողոց՝ վախենալով բարձրանալ իրենց տները: Նրա խոսքով՝ քաղաքում լուրեր էին շրջում, թե նոր երկրաշարժ է սպասվում:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որ ուժեղ երկրաշարժի կանխատեսման համար հիմք չկա: «Առ այս պահը վտանգի մասին ոչ մի պաշտոնական հաղորդագրություն չի եղել, և մասնագետները գտնում են, որ ուժեղ երկրաշարժի առաջացման հավանականություն և բնակչությանը անհանգստանալու առիթ չկա»,- նշված է ԱԻՆ տարածած հաղորդագրությունում:

1988 թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո անցել է ավելի քան 25 տարի, սակայն սեյսմաբանները գտնում են, որ երկրաշարժի օջախում ակտիվությունը դեռևս չի մարել, և հետցնցումները շարունակվելու են:

Մեկնաբանել