Դու որբացրել ես մի երկիր

Արթուր Բաղդասարյանը կրկին ընդդիմադիր ասպարեզ է մտնում նախկին բառապաշարով: Օրինակ այսպիսին՝ սոցիալական խնդիրներում առաջնահերթը հայի պատիվն է ու արժանապատվությունը: Էս ի՞նչ է: Ինչո՞վ է ուտվում էս միտքը: Ի՞նչ կապ ունի հայի պատիվը: Ոչ մի: Որովհետև հայ է և՛ Արթուր Բաղդասարյանը, և՛ Տիգրան Մանսուրյանը, հայ է և՛ Սերժ Սարգսյանը, և՛ մինչև 2008-ի մարտի 1-ը ՕԵԿ ղեկավարին հավատացած կիսաաղքատ գյուղացին: Բոլորն են հայ, պատիվն ի՞նչ կապ ունի:

«Հայի պատիվը» սեփական անձը աճուրդի դնելու մյուս անունն է, Արթուր Բաղդասարյանը մի անգամ արդեն արել է դա: Հայի պատիվն այն է, որ Արթուր Բաղդասարյանը դեռ գրասենյակ ունի, ունի խորհրդարանական խմբակցություն և անպատասխանատու լինելու սահմանադրական իրավունք: Այն, որ ոչ ոք Արթուր Բաղդասարյանից չի պահանջում լռել և չերևալ քաղաքական կյանքում, արդեն հայի պատիվ է, եթե, իհարկե, Արթուր Բաղդասարյանը հայի պատիվը մարդու վրա է տարածում, ոչ թե շղթաներով կենդանաբանական այգի բերված կրտսեր Գրանդ փղիկի: Այդ մարդն այսօր ասուլիս էր հրավիրել և շատ համարձակ մտքեր էր արտահայտում սոցիալական, իրավական, քաղաքական և այլ բարեփոխումների մասին, ընտրական գործընթացները բաց և թափանցիկ դարձնելու մասին: Երբ լսում ես, չես ուզում նայել նրան, այլ՝ փողոցի մարդկանց, որպեսզի համոզվես, որ մայրաքաղաքի փողոցներում ես, ոչ թե կենդանաբանական այգում: Մի երկու անգամ խորհրդարանում հասցրել է համագործակցել քառյակի հետ, իրեն լրիվ ընդդիմադիր է պատկերացնում:

Հարցնում ես՝ այնքան խնդիրներ թվարկեցիր, որոնց պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, ինչու՞ նրա հրաժարականը չես պահանջում, ասում է՝ միևնույն է, հեռացող է: Մյուսները չգիտե՞ն, որ հեռացող է, երբ նրանից պահանջում են հեռանալ հենց հիմա: Քեզ ասում են՝ պատասխան տուր մարտի 1-ի 10 զոհերի համար, դու ասում ես՝ մեղավոր են երկու կողմերը: Չես ասում, որ կեղծված ընտրությունները երկիրը սահմանադրականությունից դուրս է դրել, ու փորձում ես քեզ ապահովագրել երկու կողմի մեղքով: Եվ վտանգը հենց այստեղ է: Դու այս նախադասությամբ ես ներկայացնում հաջորդ ԱԽՔ-ացման հայտը: Որովհետև հաջորդ ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածուն դարձյալ կարող է կեղծել ընտրությունները, դարձյալ մի ամբողջ երկիր դուրս դնել Սահմանադրությունից ու ընտրողը կրկին դառնա մեղավոր, եթե հանկարծ դուրս գա փողոց: Դու, որ ակնհայտորեն գիտես, թե ինչ Սահմանադրական դատարան ունես, դու, որ 2008-ի ընտրություններից առաջ խոսում էիր քո կյանքին սպառնացող վտանգի մասին, առանց աչք թարթելու ասում ես, որ «էն կողմն» էլ էր մեղավոր:

Նախ ի՞նչ է արել «էն կողմը»՝ հեռուստաաշտարա՞կ է գրավել, գրոհել է նախագահական ապարատի վրա՞, Ազգային ժողովի շենքի գո՞ւյքն է վնասել: Մարդիկ պարզապես փողոցում էին: Ես նույնպես այդ օրը «Հայլուրի» լրագրող լինելով՝ Մյասնիկյանի արձանի մոտ էի: Ոչ մի ապօրինություն չեմ տեսել: Ուրեմն՝ որտե՞ղ և ե՞րբ «էն կողմը» հասցրեց մեղավոր լինել: Լավ, ընդունենք, թե տեղի ունեցողը «էն կողմի» և իշխանության խնդիրն էր, ամենքն ուզում էր մյուսից իշխանություն փախցնել, ու երկուսն էլ մեղավոր էին. ինչու՞ միացար մեղավորներից մեկին: Եվ ինչու՞ այդ մեղավորը հենց նա էր, ում ձեռքին կուտակված էր փողը, բանակը, զենքը, արյուն թափելու «իրավունքը»: Եվ այդ ի՞նչ մեղավոր էր ընդդիմությունը, որ իր հերթին ոչ մի արյուն չթափեց: Որովհետև, հենց սա է խնդիրը, դու չես միացել մեղավորին կամ անմեղին, դու չես միացել արդարին կամ անարդարին, դու չես միացել հաղթողին կամ պարտվողին, դու միացել ես իշխանությանը, որը երաշխավորել է քո փողը: Եվ հենց դրա շրջանակներում էին այն երեք նախարարները միանում քեզ, որոնցից յուրաքանչյուրն առանձին-առանձին և միասին վերցրած թքած ունեին ՕԵԿ-ի վրա, որոնցից յուրաքանչյուրն առանձին առանձին և միասին վերցրած Սերժ Սարգսյանի թիմակիցներն էին և քեզ էլ էին ընկալում այդպիսին: Որովհետև բոլորիդ ուզածը հենց դա էր՝ փողը և իշխանությունը:

Եվ քաղաքականությունն էլ ձեզ համար փող է և իշխանություն, մյուսները, այսինքն, ընտրողները, մարդիկ, քաղաքացիները, երեխաները, հաշմանդամները, կանայք, սոսկ մանկուրտներ են: Բայց քեզ Երիցյան Արմենից, Թադևոսյան Սամվելից և Կարապետյան Սերգեյից տարբերում է այն, որ դու ի սկզբանէ ազատություն ունեիր՝ նժարին դնելու Հայաստանը և Սերժ Սարգսյանին: Դու նժարին ոչինչ չդրեցիր: Եվ այդ ընթացքում քանի՞ մարդ փախավ այս երկրից: Արթուր, դու Հայաստան ես որբացրել:

Մեկնաբանել