Ընտրացուցակների գաղտնիությունը և իշխանության լեգիտիմությունը

Ընտրողների կողմից ստորագրված ցուցակների հասանելիությունը լայն հանրությանը սահմանափակ է: Այս թեմայով իրավաբան Վահե Գրիգորյանը հուլիսի 10-ին ելույթ ունեցավ Երևանում «Ապելլա ինստիտուտի» և Բաց հասարակության հիմնադրամի կազմակերպած գիտաժողովին, որը կրում էր «Սահմանադրական բարեփոխումները ժողովրդավարական զարգացման համատեքստում» խորագիրը:

Վահե Գրիգորյանի կարծիքով՝ ընտրացուցակների գաղտնիությունը ընտրակեղծիքների միջնաբերդն է:

Խոսելով ընտրացուցակների հրապարակայնությունը արդյունավետ օգտագործելու մասին՝ իրավաբանը նշեց, որ ցուցակներում ներառված տվյալները ճշգրտելու խնդրին հանրությունը պետք է լայնորեն մասնակից դառնա:

«Եթե այդ տվյալները ճշտելու հարցում ընտրողները մասնացություն չունեցան, բոլոր քաղաքական ուժերը միասին ի վիճակի չեն լինի լուծել այդ խնդիրը: Պետք է այնքան հրապարակային լինեն ցուցակները, որ յուրաքանչյուր ընտրող կարողանա ստուգել իր մասնակցության վերաբերյալ տեղեկատվության ճշգրտությունը: Ավելին, յուրաքանչյուր ընտրող պետք է հնարավորություն ունենա ճշտել նաև մյուս ընտրողի մասին տեղեկատվությունը»,- ասաց Գրիգորյանը: Նա վստահ է, որ այդ տեղեկությունների վերլուծության արդյունքում է միայն հնարավոր իրականում ընտրությունների չմասնակցող հարյուր հազարավոր ձայների կրճատումը:

Ըստ իրավաբանի՝ ընտրացուցակը այն առաջնային փաստաթուղթն է, որը հավաստում է ժողովրդի կողմից ընտրությունների միջոցով իր իշխանության իրականացնելը: «Եթե այդ փաստաթուղթը հասանելի չէ հասարակությանը, նշանակում է՝ ցանկացած իշխանություն, որը երաշխավորել է դրա գաղտնիությունը, միշտ խնդիր ունի իր լեգիտիմության հետ»,- հավելեց նա:

Վահե Գրիգորյանին զարմացնում է, թե Սահմանադրական դատարանը ընտրացուցակների գաղտնիությունը պատճառաբանելիս ինչու է վկայակոչում Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի՝ ցուցակները չհրապարակելու մասին ակտը: «Արևմտյան Եվրոպայի շատ մասնագետների մոտ սա կարող է ծիծաղ առաջացնել: Վենետիկի հանձնաժողովն իր ակտն ընդունել է բացառապես ուղեցույցի մակարդակով և այն խորհրդատվական բնույթ է կրում: Պետք է տարբերակել իրավական ակտերը խորհրդատվական բնույթի քաղաքական ակտերից»,- ընդգծեց իրավաբանը՝ հավելելով, որ Վենետիկի հանձնաժողովի կողմից համապատասխան եզրակացության 54-րդ կետով նախատեսված գաղտնիացման պահանջը ի կատար է ածվել միայն Հայաստանում, որևէ այլ երկիր այդ պահանջին հղում կատարելով չի գաղտնիացրել ընտրացուցակները:

Վահե Գրիգորյան ելույթն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ:

Մեկնաբանել