Լյով. Գյոթցեին ասացի. «Ապացուցիր, որ դու Մեսսիից լավն ես»

Մունդիալ 2014-ի եզրափակիչ Գերմանիա – Արգենտինա (1:0) հանդիպումից հետո աշխարհի չեմպիոն Գերմանիայի ընտրանու գլխավոր մարզիչ Յոախիմ Լյովը պատասխանել է լրագրողների հարցերին:

– Գերմանիայի ընտրանին պատմական հաջողության հասավ, կբացե՞ք Ձեր հաջողության գաղտնիքը:

– Արդեն 55 օր է տղաների հետ քրտնաջան աշխատում ենք, բայց այս նախագծի հիմքը դրվել է 10 տարի առաջ, երբ Յուրգեն Կլինսմանի հետ սկսեցինք մեր համատեղ աշխատանքը: Այդ ժամանակվանից ի վեր շատ բան է փոխվել, բայց մեր կազմում դեռ կան ֆուտբոլիստներ, ովքեր հենց մասնակցել են այդ թիմի ստեղծմանը՝ Կլոզեն, Պոդոլսկին, Լամը Շվայնշտայգերը: Մենք երկար ճանապարհ անցանք և վերջապես հասանք մեր նպատակին: Ամբողջ մրցաշարի ընթացքում Գերմանիայի հավաքականը բարձր թիմային կամք դրսևորեց, և հենց դրա շնորհիվ մենք դարձանք միակ եվրոպական հավաքականը, որն աշխարհի գավաթը նվաճեց Ամերիկայում, այն էլ այնպիսի ֆուտբոլային երկրում, ինչպիսին Բրազիլիան է: Մենք հպարտ ենք, որ «Մարականայում» նվաճեցինք աշխարհի գավաթը:

– Ինչ խոսքերով ոգշնչեցիք Գյոթցեին, նրան խաղադաշտ մտցնելուց առաջ:

– Նրան ասացի. «Մտի խաղադաշտ ու ապացուցիր, որ դու Մեսսիից լավն ես»: Մարիոն մտավ և խփեց հաղթական գոլը:

Մեկնաբանել