Հայտնաբերվել է Քարվաճառում անհայտ կորած Սմբատ Ցականյանի դին

Հուլիսի 8-ին հաղորդվել էր Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղի բնակիչ, 1997թ. ծնված Սմբատ Մեխակի Ցականյանի անհայտ կորելու մասին:

Ինչպես հաղորդում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությունը, իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Սմբատ Ցականյանի դին հուլիսի 15-ին հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է Շահումյանի շրջանի Քարվաճառ և Մանաշիդ համայնքների հարակից անտառահատվածում:

Հուլիսի 10-ին ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը ձեռնարկել էր հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը, որը կասեցվել էր: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հուլիսի 11-ին հրապարակել էր ադրբեջնական կողմի դիվերսիոն խմբի և նրա գործողությունների մասին վկայող մի շարք լուսանկարներ: Դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ զոհվել էր հայ սպա և վիրավորվել մեկ կին: Ադրբեջանի իշխանությունները հուլիսի 11-ին դիմել էին Կարմիր խաչի միջազգային կոմիտե` իրենց քաղաքացու գերի ընկնելու կապակցությամբ: Հուլիսի 14-ին` ժամը 13:00-ի դրությամբ, Քարվաճառում ավարտվել էր ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման գործողությունը: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ դիվերսիոն խմբի անդամների նկատմամբ կիրականացվի քրեական հետապնդում, և նրանց չի տրվի ռազմագերու կարգավիճակ: Փաստի առթիվ ԼՂՀ դատախազությունում հարուցվել է քրեական գործ:

Մեկնաբանել