Facebook-ը նոր կոճակ կունենա՝ «պահպանել»

Facebook սոցիալական ցանցը գործարկում է նոր գործառույթ՝ «պահպանել» (save), որը օգտատերերին թույլ կտա նշել հետաքրքիր հղումները, ֆիլմերը, երաժշտությունը՝ դրանց ավելի ուշ վերադառնալու համար։ Այս մասին ասված է սոցցանցի պաշտոնական բլոգում։

«Մարդիկ Facebook-ում ամեն օր հայտնաբերում են բազմաթիվ հետաքրքիր բաներ, որոնք չեն հասցնում դիտել։ Այժմ դուք կարող եք պահպանել Facebook-ում գտած նյութերը, որպեսզի ուսումնասիրեք դրանք ավելի ուշ, երբ ժամանակ լինի։ Դուք կարող եք պահպանել ինտերնետային էջերի, հետաքրքիր վայրերի, ֆիլմերի, հեռուստաշոուների և երաժշտության հղումները»,- ասված է բլոգում։

Կոճակը մոտ օրերս կհայտնվի «հավանել» (like) և «կիսել» (share) կոճակների կողքին։ Պահպանված նյութերը կներառվեն հատուկ ցուցակում՝ բաղկացած մի քանի կատեգորիաներից։

Ցուցակը տեսանելի կլինի միայն օգտատիրոջը, սակայն վերջինս ցանկության դեպքում կարող է կիսել այն ընկերների հետ։

Հաղորդվում է, որ գործառույթը հասանելի կլինի նաև կայքի բջջային տարբերակում և հավելվածներում։

Մեկնաբանել