Հայաստանը մարդկային զարգացման բարձր մակարդակ ունի. ՄԱԿ

Հայաստանը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) «Մարդկային զարգացման ինդեքս 2014» զեկույցում զբաղեցնում է 87-րդ տեղը 187 երկրների շարքում: Այն 58 այլ պետությունների հետ ընդգրկված է մարդկային զարգացման բարձր մակարդակ ունեցող երկրների խմբում: 2013-ի վարկանիշում ևս Հայաստանը նույն հորիզոնականն էր զբաղեցնում:

«Մարդկային զարգացման ինդեքս» ամենամյա զեկույցը տվյալներ է պարունակում տարբեր երկրների բնակչության կենսամակարդակի և սոցիալական պաշտպանվածության, առողջության ցուցանիշների, կրթության և մշակութային զարգացման, հանցավորության, շրջակա միջավայրի պահպանության և որոշումների կայացմանը մարդկանց մասնակցության վերաբերյալ: Համապարփակ այս վիճակագրությունում երկրները բաշխվում են ըստ մարդկային զարգացման մակարդակը բնութագրող չորս ընդհանուր խմբի` խիստ բարձր, բարձր, ցածր և միջին:

«Մարդկային կայուն զարգացման ապահովում. կրճատելով խոցելիությունն ու ձևավորելով ճկունությունը» խորագրով զեկույցում Հայաստանը զբաղեցնում է ամենացածր դիրքը հարևան երկրների շարքում: Թուրքիան 65-րդ հորիզոնականում է, Իրանը` 75-րդ, Ադրբեջանը` 76-րդ, Վրաստանը` 79-րդ: Այս չորս երկրներն էլ ընդգրկված են մարդկային զարգացման բարձր մակարդակ ունեցող երկրների խմբում: Այս կատեգորիայում են ընդգրկված նաև Բելառուսը, Ռուսաստանն ու Ղազախստանը, որոնք զբաղեցնում են 53-րդ, 57-րդ և 70-րդ տեղերը` համապատասխանաբար:

Վարկանիշի առաջատարը Նորվեգիան է, որին հաջորդում է Ավստրալիան, ապա՝ Շվեյցարիան: Լավագույն տասնյակում են նաև Նիդեռլանդները, Միացյալ Նահանգները, Գերմանիան, Նոր Զելանդիան, Կանադան, Սինգապուրը և Դանիան: Զարգացման խիստ բարձր մակարդակ ունեցող երկրների խմբում, ընդհանուր առմամբ, ներառված է 49 երկիր:

Վարկանիշը եզրափակում են Սիերա Լեոնեն, Չադը, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, Կոնգոն, Նիգերը: Մարդկային ցածր զարգացմամբ երկրների այս խմբում ընդգրկված է 43 երկիր:

2014թ. զեկույցում նշվում է, որ երկրների մեծ մասում մարդկանց մեծամասնությունը կայուն զարգացում է արձանագրում: Հեղինակները նշում են, որ տեխնոլոգիաների, կրթության և եկամուտների ոլորտում առաջընթացը մարդկանց խոստանում է ավելի երկար, առողջ և ապահով կյանք: Միաժամանակ` աշխարհում ավելի մեծ տարածում է ստանում անկայունության զգացողությունը: Ըստ ՄԱԿ-ի` պետական հաստատությունները, որոնք հակված են կոռուպցիայի և ականջալուր չեն քաղաքացիների կարիքներին, կարող են կարիքավորներին զրկել օգնության աղբյուրից:

UNDP-ն 1990-ից ի վեր ամեն տարի հրապարակում է զեկույցներ մարդկային զարգացման մասին: Զեկույցը մշակվում է միջազգային անկախ փորձագետների կողմից, որոնք իրենց աշխատանքում վերլուծական տվյալների հետ մեկտեղ օգտագործում են տարբեր միջազգային միջկառավարական կազմակերպությունների վիճակագրական տվյալները:

Մեկնաբանել