Հակառակորդը գնդակոծել է Տավուշի մարզի գյուղերը

Ադրբեջանական կողմը հուլիսի 25-ի ուշ երեկոյան՝ խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, գնդակոծել է Տավուշի մարզի մի շարք գյուղեր, այդ թվում՝ Ներքին Կարմիրաղբյուրը, Այգեպարը, Մովսեսը և Չինարին: Նախնական տվյալների համաձայն՝ հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան:

Լուրը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեցին Ներքին Կարմիրաղբյուր և Չինարի գյուղերի գյուղապետերը՝ նշելով «արդեն սովոկան դարձած ավերածությունների մասին»:

Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանն ասաց, որ գնդակոծությունը 4-5 ժամ է տևել, վնասվել են տանիքներ, պատուհաններ և ավտոմեքենա:

ՍիվիլՆեթի աղբյուրների համաձայն՝ նախօրեին տեղի ունեցած գնդակոծությունից հետո սահմանամերձ գյուղերի բնակիչները պահանջում են զինել իրենց՝ հակառակորդին սեփական ուժերով դիմագրավելու և իրենց ընտանիքներին պաշտպանելու համար: Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը ՍիվիլՆեթին հայտնեց, որ ինքը նման տեղեկատվության չի տիրապետում, և իրենց նման պահանջով ոչ ոք չի դիմել:

Հուլիսի 24-ին` Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպմանը, նախագահ Սերժ Սարգսյանը դեմ է արտահայտվել սահմանամերձ գյուղերի բնակչությանը զինելուն:

Մեկնաբանել